Ատելությունն ու բռնությունը այլևս երբեք չպետք է բախվեն անտարբերության. Ջասթին Տրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Այն թարգմանաբար ներկայացված է ստորև․

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ ոգեկոչելու և պատվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ պատմության մութ շրջան, որը պարտավոր ենք երբեք չմոռանալ։

Սգո այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր անարդար կերպով տառապեցին և զոհվեցին ողբերգական այդ ժամանակաշրջանում։ Մենք պատվում ենք նաև նրանց ժառանգներին, այդ թվում՝ կանադահայերին, ովքեր այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրի հզորացման գործում։

Արժանին մատուցելով հայ ժողովրդի տոկունությանն ու ոգուն՝ մենք նայում ենք ապագային՝ հուսալով, որ այն կլինի խաղաղ և լի փոխադարձ հարգանքով։

Ատելությունն ու բռնությունը այլևս երբեք չպետք է բախվեն անտարբերության։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է լինել ազատ խտրականությունից ու հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ով է, որտեղից է և ինչի է հավատում»։

Մեկնաբանել