Բարոյական պատասխանատվության տարբեր ընկալումներ

Երեկ երեկոյան Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից՝ Վահե Ավետյանի սպանության գործի հետ կապված: Հատկանշական է մանդատից հրաժարվելու վերաբերյալ Հայրապետյանի հիմնավորումը. «Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը»:

Անկասկած, եթե նունիսկ Ռուբեն Հայրապետյանը անձամբ ոչ մի առնչություն չի ունեցել Վահե Ավետյանի սպանությանը, պետք է առնվազն բարոյական պատասխանատվություն կրեր իր շրջապատի կողմից կատարված սպանության համար: Սակայն մանդատից հրաժարվելով հանդերձ՝ որքանո՞վ կարելի է արձանագրել, որ Հայաստանում արմատավորված արատավոր բարքերը վերացան: Արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանի սրտաճմլիկ հայտարարությունից հետո քաղաքացիները իրենց ավելի անվտանգ և ապահով զգացին: Իհարկե՝ ո՛չ: Խնդիրն այն է, որ իշխանությունը իր բնույթով հենց բռնացող է:

Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու փաստը հաղթանակ դիտարկելը միամտություն է, այն ավելի շուտ կարելի է դիտարկվել որպես անհրաժեշտ, բայց ոչ բավարար արդյունք: Քաղաքացիական հասարակության պայքարի սլաքը պետք է ուղղել բոլորովին այլ ուղղությամբ: Վահե Ավետյանի սպանությունը իշխանության արատավոր բարքերի և իրենց օրենքից վեր դասելու հետևանքն է: Ուստի բուն պատճառը թողած՝ հետևանքների դեմ պայքարելով երբևիցե հնարավոր չի լինի արմատախիլ անել բռնությամբ և օրենքներ շրջանցելով խնդիրներ կարգավորելու արտավոր պրակտիկան:

Եթե Ռուբեն Հայրապետյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց 20 րոպե հետո բարոյական պատասխանատվություն է զգում կատարվածի համար, տրամաբանական չէ՞, արդյոք, որ բարոյական պատասխանատվություն զգա նաև այն մարդը (Սերժ Սարգսյանը), որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ քարոզում էր Ռուբեն Հայրապետյանի օգտին: Չէ՞ որ մինչ այդ էլ «Հարսնաքարի» սեփականատիրոջ անվան հետ կապված եղել են բազմաթիվ աղմկահարույց դեպքեր, և նա բռնության քարոզիչ էր համարվում:

Մյուս կողմից՝ շատ դժվար է մանդատից հրաժարվելը Ռուբեն Հայրապետյանի համար դիտարկել որպես պատիժ: Վերջինս նախքան խորհրդարանական ընտրությունները հայտարարում էր, որ ցանկություն չունի պատգամավոր դառնալ, սակայն անհայտ պատճառներով մտքափոխվեց: Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ի ղեկավարությունն է Հայրապետյանին համոզել կամ ստիպել խորհրդարան մտնել: Հետևաբար՝ բարոյական պատասխանատվության պետք է ենթարկվի նաև ՀՀԿ-ի ղեկավարաությունը: Այս ամենի մեջ ՀՀԿ առաջնորդին դրական լույսի ներքո Ռուբեն Հայրապետյանից տարանջատելը և որպես արդարության մարմնավորող ներկայացնելը անընդունելի է:

Մեկնաբանել