Հոգեբանները կասկածի տակ են դրել Մերլին Մոնրոյի ինքնասպանության վարկածը

La Repubblica իտալական թերթը վերջերս հոդված էր հրապարակվել այն մասին, որ մահից մեկ օր առաջ հոլիվուդյան լեգենդ Մերլին Մոնրոն դուրս էր գրել ոչ շատ թանկ պահարան գնելու չեկ:

Լոս Անջելեսի Pilgrim կահույքի խանութում 228,80 դոլարով պահարանի գնման չեկի վրա նշված ժամկետը 1962թ․ օգոստոսի 4-ն է, այսինքն՝ դերասանուհու ողբերգական մահվան նախօրեն:

Ամերիկացի հայտնի հոգեբան Դևիդ Բեռնշտեյնի խոսքով՝ ինքնասպանության մտադրություն ունեցող մարդիկ շատ հաճախ մեծ գումարներ են ծախսում, քանի որ գնումներ կատարելը նրանց առանձնակի հաճույք է պատճառում:

Հենց այդ փաստն էլ գրավել է Մոնրոյի մահվան պատճառները վերլուծող հոգեբանների ուշադրությունը. դերասանուհին ձեռք է բերել ընդամենը մեկ բան, այն էլ՝ առօրյայում օգտագործվող առարկա, ինչը վկայում է այն մասին, որ նա պատրաստվում էր դեռ երկար «քայլել երկրի երեսին»: «Եթե մենք հոգեբանական աուտոպսիա անցկացնենք, ապա այս չեկը ամենաուշագրավ գտածոն է: Այն ստիպում է մտածել, որ Մոնրոն մահանալու մտադրություն չուներ»,- նշել է հոդվածի հեղինակը:

«Այդ ողբերգական գիշերը պետք է կայանար Մոնրոյի և Ռոբերտ Քենեդու հանդիպումը: Վերջինս, սակայն, չէր եկել, ինչի պատճառով դերասանուհին խոր սթրես էր ապրել: Այսպիսով՝ գաղտնիքը մնում է չբացահայտված. դեղերի չարաշահումը դժբախտ պատահա՞ր էր, թե՞ կամավոր քայլ», – գրել է La Repubblica-ն:

Նշենք, որ վերոնշյալ չեկը վաճառքի է հանվել Բեվեռլի Հիլզում: Բացի այդ՝ աճուրդի է հանվել դերասանուհու կյանքին ու գործունեությանը առնչվող ևս 15 լոտ:

Մեկնաբանել