Հայկական ինքնաթիռի վայրէջքը Էրզրումում հարկադիր չէր. թուրք նախարար

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ին Էրզրումում հայկական ինքնաթիռի վայրէջքը կապված է տեխնիկական խնդիրների հետ, հաղորդում է CNN Turk-ը: «Հայկական կողմը վայրէջքի թույլտվություն է խնդրել, և մենք էլ համաձայնել ենք. սա է ընդամենը»,- պարզաբանել է թուրք նախարարը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել: Agos-ը, իր հերթին, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներին, նշել էր, որ վայրէջքը հարկադիր չի եղել, այլ ինքնաթիռն իջեցվել է տեխզննման նպատակով, որից հետո կրկին թռիչքի թույլտվություն կստանա: Այս տեղեկությունը հաստատել են նաև հայկական աղբյուրները:

««Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակում Երևան-Էրզրում-Հալեպ չվերթով ինքնաթիռը, որը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիայի ժողովրդին, հարկադիր վայրէջքի չի ենթարկվել, քանզի Թուրքիայի հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարելու Էրզրումում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:

Մեկնաբանել