Թվային դարի պատասխանատվությունը

Արաբա-իսրայելական վերջին սրացումը մի հետաքրքիր խնդիր բացահայտեց, որի հետ այսուհետ ստիպված են լինելու հաշվի նստել բոլոր երկրների ռազմական մասնագետները:

Սմարթֆոններով և թվային տեսախցիկներով զանգվածաբար «զինված»՝ իսրայելցիները նկարում են իրենց հարազատ քաղաքներ հասած հրթիռների հատվածներն ու այդ նկարները տեղադրում բլոգերում և սոցցանցերում: Սոցիալական շատ ցանցերում նման հրապարակման կողքին հայտնվում է նկարահանման ճշգրիտ վայրը մատնանշող քարտեզը:

Պատերազմական վիճակում գտնվող պետության համար սա չափազանց վտանգավոր է: Հրթիռների վայրէջքի տեղանքի նկարները կարող են հուշել հաջորդ հարվածի կոորդինատները, և հակառակորդը այդ տեղեկությունը կօգտագործի կրակի ուղղորդման՝ կորեկցիայի համար:

Խնդիրը գրեթե անլուծելի է: Միակ հույսը բնակչության քաղաքացիական և հայրենասիրական գիտակցությունն է, քանի որ եթե ռազմական գրաքննությունը կարող է արգելել ԶԼՄ-ներին ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակել, իսկ պատերազմի ժամանակ՝ նաև լուսանկարներ տարածել, ապա վերահսկել տասնյակ հազարավոր բլոգերների կամ սոցցանցերի օգտատերերի, պարզապես անհնար է:

Վերջերս Հայաստանում տեղի ունեցած մի դեպք ինձ լիովին համոզել է, որ հնարավոր ապագա պատերազմում այս ճակատում մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, քանի որ վերոնշյալ քաղաքացիական և հայրենասիրական գիտակցությունը շատ դեպքերում ստորադասվում է այլ հարցերի:

Անցած շաբաթների հայկական ամենահետաքրքրական իրադարձություններից էր նոյեմբերի 13-ին Ուրուգվայի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ: Այն առաջին պաշտոնական պատվիրակությունն էր, որ եկավ ԼՂՀ և հանդիպեց Արցախի ղեկավարության հետ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն, թեև հայտարարել է, որ իր երկիրը դեռ պաշտոնական դիրքորոշում չունի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ և ընդամենը շահագրգռված է համագործակցելու և խաղաղության գործընթացին նպաստելու մեջ, սակայն այցի ամբողջ ընթացքն ու տրամաբանությունը հուշում են, որ խոսք կարող է լինել ավելի լուրջ բաների, ընդհուպ մինչև Ուրուգվայի կողմից ԼՂՀ ճանաչման մասին:

Այս այցից երեք շաբաթ առաջ՝ հոկտեմբեր 26-ին, «Հրապարակ» թերթը «Step by step-ը՝ գործողության մեջ» վերնագրով մի տեղեկություն է տպագրում, որտեղ գաղտնազերծում է հետևյալը. «Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ մինչև նոյեմբերի վերջ Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը, ինչն արդեն «նոր խոսք» կլինի Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում… Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի վերջին Ուրուգվայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում՝ այդ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ապա կմեկնի Ղարաբաղ»:

Իմ կարծիքով՝ նման հարցերում հաջողության հավանականությունն ավելացնելու համար անհրաժեշտ է գաղտնիություն պահպանել և հարցը հրապարակային մակարդակ բարձրացնել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ հաջողություն արդեն արձանագրվել է: «Հրապարակ» թերթը այս դեպքում գայթակղվել է առաջինը սենսացիոն լուրը հրապարակելու հնարավորությամբ և բոլորովին հաշվի չի առել հիմնական խնդրի լուծման կարևորությունը:

Եվ անհասկանալի է՝ ինչ տեղեկություն կարող է թերթն իրեն թույլ տալ հաղորդել պատերազմի ժամանակ, ինչ քաղաքացիական կամ հայրենասիրական պատասխանատվություն ակնկալել նման թերթից: Այնպես որ՝ պատերազմական վիճակում գտնվող մեր երկիրը չափազանց խոցելի է այս առումով: Լուծումներ են պետք:

Մեկնաբանել