Պիտի օգնենք միմյանց՝ առանց կրոնական ու ռասսայական պատկանելության. ՀՀ-ում Քուվեյթի դեսպան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Քուվեյթի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը պայմանագիր են ստորագրել. տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից:

Քուվեյթի հանրապետությունը $5 միլիոն է հատկացրել սիրիական ճգնաժամի հետևանքով տարբեր երկրներում սիրիացիներին օժանդակություն ապահովելու նպատակով: Քուվեյթի կառավարության որոշմամբ Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության միջոցով $100 հազ. ԱՄՆ դոլար տրամադրվել է Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելուն:

Իսլամական բարեգործական կազմակերպության և Քուվեյթի դեսպանության աշխատակիցների ջանքերով, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության օգնությամբ ուսումնասիրվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի կարիքները, գնահատվել են դրանք: Քուվեյթի դեսպանության աշխատակիցները դիտարկում են կատարել, որի արդյունքում պարզվել է ամենից հարմար գնային քաղաքականությամբ սուպերմարկետը: Որոշվել է սիրիահայ առավել կարիքավոր 1000 ընտանիքի տրամարել Դ20 հազ.-ի քարտ: Սփյուռքի նախարարությունում լրագրողների և սիրիահայերի ներկայությամբ նշված քարտերը տրամադրվել են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի դեսպանին հետևողական և սրտացավ աշխատանքի համար: Նախարարի խոսքով՝ օգնության տրամադրումը Քուվեյթի իշխանությունների քաղաքական կամքի դրսևորումն էր: Հ. Հակոբյանը վստահեցրել է, որ քարտերը թափանցիկության ու արդարության սկզբունքով Ամանորի շեմին կբաշխվեն Հայաստանում գտնվող ամենից կարիքավոր սիրիահայ ընտանիքներին:

Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին ի պատասխան հնչող շնորհակալությունների նշել է. «Մենք պարտավոր ենք օգնել՝ առանց կրոնական ու ռասսայական պատկանելության»:

Մեկնաբանել