Օսկանյանը Հայրիկյանի դեմ մահափորձի վարկածներից խոսելիս կոչ է անում զգույշ լինել

ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա երեկ կատարված մահափորձին:

«Քիչ առաջ ԲՀԿ իմ գործընկերների հետ այցելեցի Պարույր Հայրիկյանին: Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, և հնարավոր չեղավ խոսք փոխանակել հետը:

Բժիշկներն ասացին, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել, Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Պարույր Հայրիկյանին մաղթում եմ հնարավորինս արագ ապաքինում:

Կատարվածը, իհարկե, զարհուրելի և դատապարտելի է: Հայաստանը թեկուզ մի փոքր սիրող մարդը իրեն նման բան թույլ չէր տա, որովհետև դա առաջին հերթին վնասում է ազգի ու երկրի հեղինակությանը:

Հանցագործության վարկածներից խոսելիս պետք է զգույշ լինել և սպասել, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարեն»,- ասված է Օսկանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ (հունվարի 31) երեկոյան Երևանի Տպագրիչների 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Թեկնածուն տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այսօր Հայրիկյանին վիրահատել են` մարմնից հեռացնելով գնդակը: Վիրահատությունը բարեհաջող է անցել:

Մահափորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Մեկնաբանել