Գլենդեյլում տեղի է ունեցել դիվանագետների ամենամյա հավաքը

Փետրվարի 2-ին Գլենդեյլում կայացել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունը վերջին 4 տարիներին ստանձնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ամենամյա այս հանդիպումը Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի համար բացառիկ հնարավորություն է` ընդլայնված կազմով քննարկել ընդհանուր խնդիրները, խոսել նաև բազմակողմ գործակցության հնարավորությունների մասին:
Հավաքին մասնակցել են ավելի քան վեց տասնյակ երկրի դիվանագետներ: Այս ամենամյա հավաքը միակ միջոցառումն է, որն անցկացվում է օտարերկրյա դիվանագետների նման մեծ կազմով: Քննարկման օրակարգում էին Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսի կանոնադրության փոփոխության հարցը, ամերիկյան շրջանակների հետ տնտեսական կապեր ստեղծելու և միջազգային առևտուրը խթանելու թեմաները:
Դիվանագետների հավաքին մասնակցել է նաև Լոս Անջելես մարզի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը, որը հանդիպման բանախոսն էր: Անցյալում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուրն են եղել Կալիֆոռնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանը, ԱՄՆ-ի նավատորմի նախկին քարտուղար Փոլ Իգնատիուսը:
Հյուպատոսական հավաքն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հանդիպման վերջում օտարերկրյա դիվանագետները վայելել են հայկական երաժշտություն և հայկական խոհանոցի խորտիկներ:

Մեկնաբանել