Հայրիկյանը ՍԴ դիմելու որոշման շուրջ խորհրդակցում է թեկնածուների և փորձագետների հետ

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան դիմելու հարցով խորհրդակցում է ինչպես նախագահության մյուս թեկնածուների, այնպես էլ փորձագետների հետ: Այս մասին այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թեկնածուն:

Հայրիկյանի խոսքով` մյուս թեկնածուները ևս կարծում են, որ ՍԴ դիմելու որոշում կարող է ընդունել ոչ միայն հավասար մրցապայքարին մասնակցելու հնարավորությունը կորցրած թեկնածուն, այլև մյուսները:

«Ունենալով նախնական վերաբերմունք` ես ցանկանում եմ խորհրդակցել նաև մյուս թեկնածուների հետ, լսել կարծիքներ այն մասին, թե ինչքանով կարելի է ժողովրդավարական գործընթացների հաջորդականությունը չխախտելով` ժողովրդավարական համարել մի գործընթաց, որի մաս է կազմում ահաբեկչությունը»,- ասաց Հայրիկյանը` հավելելով, որ այս ամենի մասին վաղը կհայտարարեն իր ներկայացուցիչները:

Թեկնածուն նշեց, որ այս նպատակով իրականացվում են նաև հետազոտություններ` պարզելու, թե որքանով է ազդել այս ահաբեկչությունը գործընթացի վրա:

«Ես տրամադրված էի ընդհանրապես չհետաձգել նախագահական ընտրությունները, քանի որ համարում էի, որ այս ահաբեկչության հիմքում բացի Հայրիկյանին վնասելուց` ընկած էր այն իրողությունը, որ որոշ քաղաքական ուժեր իրենց հաշվարկներում սխալ են, և ես չէի ցանկանա ստվերում գործող, մեր ժողովրդի նկատմամբ բացասական տրամադրվածություն ունեցող, ժողովրդավարության դեմ գործող որևէ ուժի ջրաղացին ջուր լցնել»,- ասաց Հայրիկյանը:

Նա հայտարարեց նաև, որ բացառում է նոր ընտրություններ հրավիրելու հնարավորությունը` այս գաղափարը որակելով դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ի երեկոյան Երևանի Տպագրիչների 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Մահափորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության` հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ մասին դիմում պետք է ներկայացնի թեկնածուն, իսկ անհաղթահարելի խոչընդոտներ ճանաչում է Սահմանադրական դատարանը:

Մեկնաբանել