Բեռլուսկոնին խոստանում է փոխել ԵՄ-ի քաղաքական ուղեգիծը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրճատում է տարբերությունը նախընտրական մրցապայքարում։ Նրա պոպուլիստական խոստումները տալիս են իրենց արդյունքը․ նախկին վարչապետի աջակենտրոն կոալիցիան երկրորդն է և ֆավորիտ ձախակենտրոններից հետ է մնում վեց կետով, հաղորդում է Euronews-ը։

Նախօրեին Հռոմում տեղի ունեցած հանրահավաքին Բեռլուսկոնին կրկին «գերել» է իր համախոհներին՝ Իտալիայի և Եվրամիության ապագայի մասին դատողությունները ընդմիջելով մրցակիցների և սեփական տարիքի վերաբերյալ կատակներով։ Քննադատելով Եվրոպայում գոտիների ձգման քաղաքականությունը՝ Իտալիայի նախկին վարչապետը խոստացել է վերընտրման դեպքում վերջ դնել դրան։

«Մենք պետք է Եվրոպային ստիպենք փոխել խիստ խնայողության ինքնասպան քաղաքականության ուղեգիծը, Եվրամիությունը դարձնել ավելի միասնական, խաղաղություն և բարեկեցություն ապահովել բոլորի համար։ Եվրոպան պետք է դառնա այնպիսին, ինչպիսին նրան իրենց երազանքներում պատկերացնում էին ԵՄ հիմնադիրները»,- ասել է նա։

Հանրահավաքին կրկին հնչել է շուկաներին վախեցրած խոստումը՝ իտալացիներին վերադարձնել նրանց՝ անցյալ տարվա վերջին վճարած անշարժ գույքի մունիցիպալ հարկը։ Բեռլուսկոնին ծրագրում է նաև հայտարարել ֆինանսական ամնիստիա։ Սա նշանակում է, որ ընկերություններին ու մասնավոր անձանց կներվեն բոլոր խախտումները (օրինակ՝ ֆիսկալ կամ շինարարական) տուգանքի վճարումից հետո։

Բեռլուսկոնիի հիմնական մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պիեր Լուիջի Բերսանին, այս խոստումներն անիրագործելի է համարում․ «Մենք չենք աջակցում պարոն Բեռլուսկոնիի դեմագոգիական խոստումներին, քանի որ դրանք վիրավորական են Իտալիյաի համար։ Մենք սիրում ենք Իտալիան և մենք նրա հասցեին ուղղված վիրավորական կատակներ թույլ չենք տա։ Իտալացիները խելացի ժողովուրդ են, նրանք արժանի են հարգանքի»։

Անշարժ գույքի մունիցիպալ հարկը Բեռլուսկոնիի կողմից ժամանակին վերացվել էր։ Նրա հաջորդը՝ տեխնիկական կաբինետի ղեկավար Մարիո Մոնտին կրկին սահմանեց այս հարկը՝ «բյուջեում նախորդ կառավարության թողած ճեղքերը «կարկատելու»» համար։

Մեկնաբանել