Ցեղասպանությունը՝ ներքաղաքական գործիք

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում փետրվարի 5-ին ընտրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին և գնահատելով ԱՄՆ-ի վերաբերմունքը, ասել է. ««Ցեղասպանություն» և «եղեռն» բառերը նույնն են, և անգամ «ցեղասպանություն» բառը չարտասանելով էլ ԱՄՆ-ի նախագահն ասել է ամեն ինչ» (Արմենպրես):

Ճիշտ է, «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանությունից հետո՝ 1945թ., բայց հենց եզրույթի հեղինակը՝ Ռաֆայել Լեմկինը, «ցեղասպանությունը» սահմանելիս նշել է նաև Հայոց մեծ եղեռնը: Հր. Աճառյանի բառարանում «եղեռն» բառը բացատրվում է որպես «ողբերգություն», Ա.Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանում» «եղեռն» նշանակում է «ոճիր», «հանցանք», «ջարդ», «աղետ», բայց ոչ «ցեղասպանություն»:

Թերևս կարիք չկա Հայաստանի նախագահին ապացուցել, որ «եղեռն» բառը իրավական նշանակություն և հետևանք չունի՝ ի տարբերություն «ցեղասպանություն» բառի: Եվ հենց այդ պատճառով է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից:

Իր հայտարարությամբ Հայաստանի նախագահն անձամբ վտանգի տակ է դնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ավելին՝ վտանգի տակ է դնում տարիներ ի վեր այդ ուղղությամբ կատարված աշխատանքը և խուսանավելու հիանալի առիթ տալիս Հայոց ցեղասպանության խնդրին իրավական որակում տալ խուսափող այլ առաջնորդների ու գործիչների: 2009թ. հայ-թուրքական կարգավորման գործընթացով Սերժ Սարգսյանը մեկ անգամ արդեն շատ լուրջ հարված հասցրել էր ճանաչման գործընթացին: Անհասկանալի է ներկայում նման հայտարարություն անելու մոտիվացիան: Դժվար է ասել՝ այն նախապես մտածվա՞ծ, թե՞ հանպատրաստից հայտարարություն է:

Առավել հավանականը առաջին տարբերակն է. Սերժ Սարգսյանն ընտրողներին թերևս փորձում է ցույց տալ, որ իր նախագահության օրոք Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ «առաջընթաց» է եղել [քաջ գիտակցելով, որ լրիվ հակառակն է եղել], Օբաման ասել է՝ «Մեծ եղեռն»:

Անկախ հայտարարության դրդապատճառներից՝ Ցեղասպանության հարցի շահարկումը անձնական, կուսակցական և ներքաղաքական նպատակներով անընդունելի է:

Մեկնաբանել