Պիկասոյի «Աղավնիով երեխան» կլքի Բրիտանիան

Իսպանացի հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի «Աղավնիով երեխան» կտավը կլքի Մեծ Բրիտանիան, որի մշակույթի նախարարությանը չի հաջողվել կանխել կտավի դուրսբերումն արտերկիր, գրել է Independent-ը:

Christie’s աճուրդի տունը 2012թ. Պիկասոյի աշխատանքը վաճառել է մասնավոր հավաքորդի, որը, ի տարբերություն նախորդ տերերի, մտադիր չէ ապագայում նկարը ցուցադրության դնել Մեծ Բրիտանիայում: Ով է գնել նկարը՝ չի հաղորդվում, սակայն արվեստի քննադատ Բրայան Սյուելը թերթին պատմել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Աղավնիով երեխան» կտարվի Կատար:

Բրիտանիայի մշակույթի նախարարությունը փորձել է պահպանել կտավը՝ արգելափակելով դրա դուրսբերումը և պարզաբանելով, որ այն երկրի համար մշակութային և պատմական մեծ նշանակություն ունի: Կես տարի նախարարությունը փորձել է գտնել «Աղավնիով երեխան» Բրիտանիայում պահելու միջոց: Ենթադրվում էր, որ կտավը կարող են գնել բրիտանական թանգարանները, սակայն մտավախություն կար, որ Պիկասոյի այս ստեղծագործությունը կարող է չափազանց թանկ լինել նրանց համար (վաճառքի պահին կտավը գնահատվել է մոտ 80 մլն դոլար):

Արգելքի ժամկետը սպառվել է 2012թ. դեկտեմբերին: Կտավը Բրիտանիայից դուրս կբերվի մայիսի 26-ին: Մինչ այդ, նկարի նոր տիրոջ համաձայնությամբ, այն կցուցադրվի Լոնդոնի Կուրտոլդի պատկերասրահում:

«Աղավնիով երեխան» Պիկասոն վրձնել է 1901թ.՝ 19 տարեկանում: 1924-ից այն պատկանել է բրիտանացի մասնավոր հավաքորդների: 1974թ. կտավի հերթական տիրոջ՝ Քրիստաբել Էրբենկոնուեի մահից հետո վերջինիս ժառանգն աշխատանքը տվել է Ազգային պատկերասրահին, որտեղ էլ այն ցուցադրվել է մինչև 2011թ.:

Մեկնաբանել