Ինչպես են ԵՊՀ-ում խրախուսում գրագողությունը

Օրերս ձեռքս անցավ «Պատմություն և մշակույթ» խորագիրը կրող հայագիտական հանդեսի Գ համարը (Երևան, 2012): Հանդեսը հրատարակվում է Երևանի պետական համալսարանի ընդհանուր և ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ, հանդեսի խմբագրական խորհրդի նախագահն է ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պատմ. գիտ. դոկտ. պրոֆ. Արամ Սիմոնյանը, գլխավոր խմբագիրը՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Հանդեսի այդ համարում զետեղված «ՀՀ արտաքին հարաբերությունները Վրաստանի Հանրապետության հետ 1991-2008 թթ.» վերտառությամբ հոդվածը (հեղինակը՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ Հրանտ Դավթյան) ընթերցելիս տպավորություն ստեղծվեց, որ այնտեղ տեղ գտած մտքերն ու ձևակերպումները ավելի քան ծանոթ են: Հետաքրքրված լինելով հայ-վրացական հարաբերություններով և Ջավախքի խնդիրներով՝ կարդում եմ այդ թեմաներին առնչվող հրապարակումները: Մինչ այս ծանոթացել էի «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի նմանատիպ գործերին (Վահեն ամիսներ առաջ ինձ նվիրել էր իր «Ջավախքը 1988-2008 թթ.» գիրքը, Երևան 2009):

Համեմատելով նկատեցի, որ «ՀՀ արտաքին հարաբերությունները Վրաստանի Հանրապետության հետ 1991-2008 թթ.» հոդվածի բովանդակությունը նման է Վահեի գրքի նման թեմայով հոդվածին: Հետաքրքրությունս բավարարելու համար որոշեցի համեմատել երկու գործերը: Ապշեցի. Հ. Դավթյանի հոդվածի 5-րդ էջից, որտեղից սկսվում էր հոդվածի բուն գիտական մասը, մինչև վերջ՝ հղումներով հանդերձ, բառացի նույնն էր (համեմատել նշյալ հոդվածի 221-224 էջերը Վահե Սարգսյանի նշյալ գրքի 92, 93, 95, 96, 97 էջերի հետ): Այսինքն մայր բուհի հանդեսի մեջ զետեղվել է բառացիորեն արտագրություն ներկայացնող գիտական հոդված: Կամ Հրանտ Դավթյանի հոդվածում արտահայտած մտքերն ու ձևակերպումները «խիստ նման» են 2009թ. Վահե Սարգսյանի հրապարակած մտքերին:

Վահե Սարգսյանին հարցրի, թե արդյոք տեղյա՞կ է այս մասին: Պատասխանն էր՝ իհարկե: Բնական լրագրողական հաջորդ հարցն էր՝ իսկ ինչո՞ւ չի բարձրաձայնել, Վահեն պատասխանեց, որ չի ուզեցել հեղինակազրկել հանդեսը, միաժամանակ՝ հարգելով իր երբեմնի դասախոսներին, որոնք այդ հանդեսի խմբագրական խորհրդի անդամներ են, չի բարձրաձայնել: Իսկ ճանաչո՞ւմ է արդյոք, Վահեն Հրանտ Դավթյանին՝ պատասխանն այսպիսին էր. «Այժմ արդեն՝ այո: Անգամ այդ մասին հայտնվել է հեղինակի հորը՝ Մանկավարժականի բանասիրության ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանին, որը, ըստ Վահե Սարգսյանի, նույնպես ընդունել է այս փաստը»։

Մնում է միայն ավելացնել, որ նշյալ «հայագիտական» հանդեսը, բնականաբար, ունի լուրջ հեղինակություն, այնտեղ տպագրված հոդվածները ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մոտ «անցնում են» որպես գիտական լուրջ հոդվածներ: Բոլորովին այլ հարց է, թե այդ լուրջ աշխատանքների հեղինակները ևս լուրջ գիտնականնե՞ր են, թե՞ սովորական արտագրողներ, որոնք ալարում են անգամ հետքերը թաքցնելու համար վերաձևակերպել ուրիշից վերցված միտքը և տպագրում են այն՝ բառացիորեն արտագրված: Իրականում խիստ տարօրինակ է, որ այս որակի հոդվածը հայտնվել է հեղինակավոր հանդեսում:

Յուրաքանչյուր հոդված, տպագրվելուց առաջ, փորձագիտական քննության արդյունքում պետք է հավանաության արժանանա խմբագարական խորհրդի կողմից: Դատելով այն հանագամանքից, թե ինչ որակի հոդված է տեղ գտել գիտական այդ հանդեսում, կարելի է եզարակցնել, որ խմբագրական խորհուրդը աչք է փակել հոդվածի որակական հատկանիշների վրա՝ գերակա համարելով գիտության հետ կապ չունեցող ինչ-ինչ հանգամանքներ:

Մեկնաբանել