Ընտրողների մասնակցությունը. համեմատական հայացք

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 15.08% (123,121): 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ ժամը 11:00-ի դրությամբ Երևանում ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 86,601 քաղաքացի, որը կազմում է 10.5%: 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին Երևանում մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 14,65 %-ը (119,220 ):
Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցում է 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշին: Իսկ նշված ժամանակահատվածում նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը գերազանցում է մոտ 5 տոկոսով:

Նախագահական ընտրություններում գրանցված ցածր մասնակցության ցուցանիշը ինչ-որ առումով բացատրելի է: Թեև հետաքրքրությունը այդ ընտրությունների նկատմամբ ավելի մեծ էր, սակայն ընտրապայքարում մի քանի խոշոր քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի բացակայությունը, կարող էր իջեցնել մասնակցության ցուցանիշը:

Ընտրությունների ձևաչափի առումով առավել նպատակային է Երևանի ավագանու ընտրությունները համեմատել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Երկու դեպքում էլ գործում է համամասնական ընտրակարգը, թեև խորհրդարնական ընտրությունների դեպքում համամասնականի կողքին կա նաև մեծամասնականը: Մյուս կողմից՝ ավագանու և պատգամավորի բազմաթիվ թեկնածուները իրենց հերթին անհատական շահագրգռվածության հիմքի վրա բարձր մասնակցություն են գեներացնում: Այս առումով՝ Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրություններում ժամը 11:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ այն գրեթե նույն մակարդակի վրա է:

Սակայն պետք է նշել, որ առավոտյան մասնակցության բարձր ցուցանիշը կասկածելի է և ռիսկային: Օրինակ, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կասկածներ հնչեցին, որ առավոտյան ժամերին մասնակցության բարձր ցուցանիշը պայմանավորված էր այսպես կոչված՝ շրջիկ խմբերի գործունեությամբ, որոնք այդ ժամերին մոբիլիզացվել էին մի քանի ընտրատեղամասերում քվեարկելու համար: Իսկ այդ ժամերին անձնագրերից քվեարկությունը հաստատող կնքիների թանաքը ցնդելու փաստը օգնել է, որ շրջիկ խմբերը ընտրատեղամասերում օրենքի պահանջների առումով որևէ խնդրի առաջ չկանգնեն:

Այս անգամ ևս ահազանգեր կան, որ անձնագրերից թանաքները ցնդում են, իսկ մայրաքաղաքի ընտրատեղամասերում աննախադեպ աշխուժություն է: Համայնքներ կան, որտեղ մասնակցությունը հասնում է 20 տոկոսի:

Մեկնաբանել