Հայ համայնքը Սիրիայի ապագայի հանդեպ լավատես է. Ժ. Ռեյիսյան

Հայ համայնքը Սիրիայի ապագայի հանդեպ լավատես է: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` հավելելով, թե հայ համայնքը պատրաստ է դիմակայել բոլոր դժվարություններին և վատ զարգացումներին:

Խոսելով հայաշատ թաղամասերում տիրող իրավիճակի մասին` Ռեյիսյանը նշեց, որ իրավիճակը հիմնականում նույնն է:

«Քաղաքի տարբեր շրջաններում զինվորական գործողություններ են իրականացվում, սակայն հայաշատ թաղամասերում ընդհարումները հիմնականում քիչ են»,- ասաց Ռեյիսյանը՝ չբացառելով սակայն զինվորական գործողությունների տարածման հավանականությունը:

Հարցին, թե աշխատանք չունեցող մարդիկ ինչպես են կարողանում գոյատևել առանց եկամուտի, Ռեյիսյանը նշեց, որ ժողովրդի տնտեսական ընդհանուր վիճակը վատ է, սակայն այն քաղաքացիները, որոնք սոցիալապես անապահով են, դիմում են Հալեպահայ օգնության շտաբ, որը իր հնարավորության սահմաններում օգնում է այդ քաղաքացիներին:

Ռեյիսյանը չհամաձայնեց մտքին, թե առաջնորդարանը, եկեղեցին և հայ համայնքի ղեկավարությունը խրախուսում են հայերին մնալ Սիրիայում` ասելով, թե որևէ մեկին չի պարտադրվում մնալ համայնքում, սակայն բոլորին հնարավորություն սահմաններում աջակցություն տրամադրվում է:

«Դպրոցներում աշակերտների թվի կրճատում կա, սակայն դա չի կարելի բացատրել արտագաղթով, քանի որ տեղի են ունենում նաև քաղաքից քաղաք տեղափոխություններ»,- ասաց Ռեյիսյանը:

Մեկնաբանել