Հայաստանը թելից է կախված, իսկ մկրատը Ռուսաստանի ձեռքում է. Ա.Արզումանյան

Մենք միշտ փորձում ենք չնկատել մեր սխալները, դարեր շարունակ մեր պրոբլեմները բարդել ենք մեր հարևանների վրա. նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա՝ որևէ մեկը չի փոխելու մեր աշխարհաքաղաքական դիրքը, և ժամանակն է վարժվել ապրել այստեղ՝ այս հարևանների հետ, անցյալի սխալներից դասեր քաղելով:

Արզումանյանի խոսքով՝ մենք մեր էներգետիկ համակարգի շուրջ 80 տոկոսը նվիրել ենք Ռուսաստանին, և հիմա նա էլ օգտագործում է այդ գործոնը: «Ռուսաստանը իր սահմանի վրա իր գազը վաճառում է իր իսկ ընկերությանը, որը վրան գին ավելացնելով՝ վաճառելու է մեր քաղաքացիներին …Ժամանակն է վերանայել այդ պայմանագիրը: Ինչպե՞ս կարելի է ունենալ էներգետիկայի նախարարություն, որ տիրապետում է միայն 20 տոկոսին»,- նշեց նա:

Գազի գնաճը, ըստ նրա, լիովին նորմալ է, քանի որ հասկանալի էր, որ ինչ-որ պահից Ռուսաստանը մեզ գազը վաճառելու նույն գնով, ինչ՝ այլ երկրների, ուղղակի «դրան պետք էր պատշաճ պատրաստվել»: «Մեզանում դեռ կան մարդիկ, որ ճորտի հրճվանքով են խոսում Ռուսաստանի մասին. դա վտանգավոր մոտեցում է և անարգանք է մեզ»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջին զարգացումներին՝ գազի գնաճը, Լավրովի՝ Արցախի վերաբերյալ «ադրբեջանական տարածքներ» խոսքը, ՀԱՊԿ-ին նախագահի մակարդակով չմասնակցելը՝ Արզումանյանն ասաց, որ սա «հստակ միտում է Հայաստանին՝ դեպի Մաքսային միություն քաշելու»: «Լավրովին ճանաչելով որպես դիվանագետ՝ ես գիտեմ, որ նա լեզվի սայթաքումներ թույլ չի տալիս: Իսկ նախագահի՝ ՀԱՊԿ-ի առանց փողկապների հանդիպմանը չմասնակցելը նորմալ է, ճիշտ որոշում է: Գուցե նկատվի՝ որպես դեմարշ, սակայն Ռուսաստանն է անընդհատ դեմարշներ անում: Գուցե և պահը գա, որ Ռուսաստանը նույնիսկ մոռանա, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերն է ու շատ լավ ընկերություն անի Ադրբեջանի հետ: Հայաստանի այս վիճակն անընդունելի է. երբ նա թելից է կախված, իսկ մկրատը Ռուսաստանի ձեռքում է»,- ասաց նա՝ հավելելով, որ այնքան հստակ է Ռուսաստանի քաղաքականությունը, որ արդեն մեր «եվրոպական գործընկերներն են հուշում Ռուսաստանին, որ այդ Մաքսային միությունը հակասում է Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին»:

Ըստ Արզումանյանի՝ ռուսական ռազմաբազան մեր երկրում ոչ թե Հայաստանի սահմաններն է պաշտպանում, այլ իրացնում է իր շահերը: «Եվ Ռուսաստանը պիտի խնդրի, որ մենք այս բարիդրացիական հարաբերությունները պահպանենք»,- ասաց նա:

Մեկնաբանել