Դոլչեն և Գաբանան կարող են երկուսուկես տարով ազատազրկվել

Իտալացի հայտնի մոդելավորողներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան կարող են երկուսուկես տարով ազատազրկվել հարկերի վճարումից խուսափելու կասկածանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դատախազ Գաետանո Ռուտային, որը Միլանի դատարանում քննում է դիզայներների գործը:

Դոլչեն և Գաբանան մեղադրվում են 1 մլրդ եվրոյի չափով հարկերի վճարումից խուսափելու մեջ, սակայն երկուսն էլ հերքում են իրենց հասցեին հնչող մեղադրանքները: Նրանց գործով դատավճիռը Միլանի դատարանը կկայացնի մոտ օրերին:

Հետաքննության վարկածով՝ 2004-ից ի վեր, երբ Լյուքսեմբուրգում ստեղծվել են Dolce & Gabbana Luxemburg sarl և Gado sarl ընկերությունները, հայտնի նորաձևության տան ղեկավարությունը զբաղվել է ֆինանսական հաշվետվությունների զանգվածային կեղծմամբ, ինչի արդյունքում իտալական բյուջե չի վճարվել շուրջ 1 մլրդ եվրո:

2011թ. ապրիլին դատավորը հանել էր մեղադրանքները Դոլչեի և Գաբանայի վրայից՝ դրանք համարելով «անհիմն», սակայն նույն թվականի նոյեմբերին Իտալիայի Վճռաբեկ դատարանը չեղյալ է համարել այդ որոշումը և գործն ուղարկել վերաքննության:

Մեկնաբանել