Ռիգան սատարում է Երևանին եվրաինտեգրման գործընթացում. Լատվիայի նախագահ

Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Լատվիայի նախագահը բարձր է գնահատել հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի և Լատվիայի միջև հաստատված հարաբերությունները, որոնք կարևոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար: Երկկողմ կապերը խորացնելու առումով Անդրինս Բերզինշը կարևորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, նաև համագործակցության խորացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում: Այս համատեքստում Լատվիայի նախագահը կարևորել է կոնկրետ ծրագրերի իրականացումը: Անդրինս Բերզինշը ընդգծել է, որ Լատվիան սատարում է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում և առաջարկել Լատվիայի աջակցությունը ու փորձը այս հարցում:

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ կարևորություն են տալիս Բալթյան երկրների և, մասնավորապես` Լատվիայի հետ բարձր մակարդակի շփումներին և գոհունակությամբ նշել, որ վերջին ժամանակաշրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ իր այցի ընթացքում Լատվիայի Սաեյմայի ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել խորհրդարանների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, իսկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է տնտեսական հարաբերություններին երկարաժամկետ և փոխշահավետ բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը: Պարոն Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների և խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արևելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար և այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարևոր հիմք կհանդիսանան փոխհարաբերությունների հետագա խորացման համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացումը` այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: Նա կարևորել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում: Լատվիայի նախագահը նույնպես կարևորել է հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, երկուստեք կարևոր է համարվել միջազգային կառույցներում համագործակցության խորացումը:

Մեկնաբանել