Պաղեստինի անզոր վարչապետը

Foreign Policy ամերիկյան հանդեսը «Պաղեստինի անզոր վարչապետը» խորագրով հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Պաղեստինի ինքնավարության նոր վարչապետի պաշտոնին Ռամի Համդալլահի նշանակմանը: Ըստ հոդվածագիր Ջոնաթան Շանցերի՝ կառավարման որևէ փորձ չունեցող գիտնական Համդալլահի նշանակմամբ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ձգտում է թուլացնել վարչապետի ինստիտուտը: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

«Նախագահ Աբասն ինձ առաջարկեց նոր կառավարություն ձևավորել, և ես ընդունեցի առաջարկը»,– հունիսի 2-ին հայտարարել է Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի «Ալ Նաջահ» համալսարանի նախագահ Ռամի Համդալլահը։

Մի շարք առումներով այս հայտարարությունն անակնկալ էր: Ի վերջո, Համդալլահը համեմատաբար անհայտ մի գիտնական է, որը կառավարման ոչ մի փորձ չունի: Նա երբեք չի դիտարկվել որպես Պաղեստինի վարչապետի պաշտոնի համար մրցավազքի առանցքային դեմք. պայքարն սկսվել է ապրիլի 13-ին՝ ռեֆորմատոր վարչապետ Սալամ Ֆայադի պաշտոնաթողությունից հետո։

Ամեն դեպքում, ակնկալվում էր, որ Աբասն այդ պաշտոնին կնշանակի տնտեսական հարցերով իր խորհրդական և մտերիմ դաշնակից Մոհամեդ Մուստաֆային կամ ինքն իրեն: Աբասը հավանաբար գիտակցել է, որ վարչապետի պաշտոնում Մուստաֆայի կամ իր նշանակումը կարող է դուր չգալ Վաշինգտոնին. առաջին դեպքում կարելի էր ենթադրել, որ Աբասն ընդլայնում է իր իշխանությունը, երկրորդ դեպքում՝ անթաքույց կերպով սեփականաշնորհում այն։

Այս առումով Համդալլահի նշանակումը կոմպրոմիս էր։ Նա «Ֆաթհ» կուսակցության հավատարիմ ներկայացուցիչներից է, որին կարելի է բնութագրել որպես «լավ տղա, որը խաղեր չի տա»։ Այլ կերպ ասած՝ ի տարբերություն Ֆայադի, որի թեժ բանավեճերն Աբասի հետ սեփական հրաժարականի պատճառ դարձան, Համդալլահից չարժե ակնկալել, որ նա կհակադարձի նախագահին։

Համդալլահը, ինչպես նշվեց, երբևէ կառավարություն, անգամ նախարարություն չի ղեկավարել: Նոր վարչապետի կենսագրությունից երևում է, որ նա զբաղեցրել է մի շարք ակադեմիական պաշտոններ: Ներկայում նա Արևմտյան ափի խոշորագույն «Ալ Նաջահ» համալսարանի (ունի 20 հազ. ուսանող) նախագահն է, ինչպես նաև Պաղեստինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարը։

Ճշմարտությունն այն է, որ Աբասը թույլ վարչապետ է ցանկանում և հնարավոր է՝ շարունակի Համդալլահի դիրքերի թուլացումը։ Ըստ Ռամալլահում շրջանառվող լուրերի՝ Մուստաֆան կարող է նշանակվել փոխվարչապետ, և այդ դեպքում Համդալլահը կարգադրություններ կստանա իր ենթակայից։ Այս առումով բացասական է ոչ այնքան այն փաստը, որ կառավարության ղեկավարի պաշտոնին նշանակվել է անփորձ մի գիտնական, այլ այն, որ թուլանում է վարչապետի ինստիտուտը։

Ճակատագրի բերումով հենց Աբասն է դարձել Պաղեստինի առաջին վարչապետը: Պաշտոնը 2003թ. ստեղծվել է Արևմուտքի ջանքերով՝ այն ժամանակ Պաղեստինի նախագահ Յասիր Արաֆաթի ձեռքում կենտրոնացված իշխանությունը թուլացնելու նպատակով։ Ինչպես գրել էր New York Times-ը, վարչապետի նշանակումը «Մերձավոր Արևելքում առաջընթացի նոր հույս է արթնացնում»: Հետագայում իշխանության համար պայքարը հանգեցրեց նրան, որ Արաֆաթը պահանջեց Աբասի հրաժարականը:

2005թ. հունվարին նախագահ ընտրվելուց հետո Աբասի քաղաքականությունը սկզբնական շրջանում վկայում էր՝ նա ցանկանում է պահպանել քաղաքական այն հավասարակշռությունը, որից խուսափել է իր նախորդը:

Ութ տարի անց, այդուհանդերձ, Աբասը դարձել է մերձավորարևելյան ամենաազդեցիկ քաղաքական գործչի կվինտէսենցիան։ Աբասն Արաֆաթի՝ «կոստյումով և փողկապով» տարբերակն է՝ սկսած մամուլի ազատության սահմանափակումից, մինչև քաղաքական հակառակորդների ճնշում:

Կարծրացած քաղաքական համակարգը մեկն է բազմաթիվ այն խնդիրներից, որոնք առկա են Պաղեստինում՝ հոռետեսություն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի խաղաղ կարգավորման նոր նախաձեռնության նկատմամբ, իսրայելցիներից անկախություն ձեռք բերելու համար վեց տասնամյակ շարունակվող պայքարի ձախողում և այլն։

Ինչպես ասել է տեղացի լրագրողներից մեկը, կարևոր են ոչ այնքան նոր վարչապետի որակները, որքան բազմաթիվ պաղեստինցիների անտարբերությունը: Ռամալլահի բնակիչներից մեկի խոսքով՝ «շատ ավելի կարևոր է, թե ով է լինելու «Ալ Նաջահի» հաջորդ նախագահը»։

Թարգմանությունը՝ Ստելլա Մեհրաբեկյանի

Մեկնաբանել