Ինչու չկա մրցույթ

Շաբաթ և կիրակի օրերին Երևանի փողոցներում տասնյակ ակտիվիստներ քաղաքացիներին կոչ էին անում ընդվզել հասարակական տրանսպորտի թանկացման դեմ և 150 դրամ բարձրացված ուղեվարձի փոխարեն նախկինի նման վճարել 100 դրամ: Բնականաբար, ուղեվարձի նման կտրուկ փոփոխությունը չէր կարող դժգոհությունների տեղիք չտալ, քանի որ պատասխանատու մարմինների հիմնավորումը՝ ուղեվարձի բարձրացման հետ կապված, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում, նույնիսկ ոչ մասնագետներին:

Նախ՝ ուղեվարձի բարձրացման քաղաքապետարանի առաջարկը հակաշուկայական և հակամրցակցային է: Եթե հանրային տրանսպորտի սպասարկումը տրված է մասնավոր ընկերություններին, ապա նրանք բաց և թափանցիկ մրցույթի միջոցով, տնտեսական հիմնավորումներով պետք է ներկայացնեին գնային առաջարկներ: Շատ հնարավոր է, որ գտնվեին ընկերություններ, որոնք նույն ծառայությունները մատուցեին 100 դրամով: Երևանի քաղաքապետարանի պարտականությունների մեջ հաստատ չի մտնում անհանգստանալ մասնավոր ընկերությունների եկամուտների համար, նրանց առաջնային պարտականությունն է մտածել հանրային շահի մասին:

Կամ գուցե խնդիրը վատ մենեջմե՞նթն է: Իշխանությունների կողմից արտոնություններ ստացած գծատերերը չեն կարողանում ճիշտ կազմակերպել ու համատեղել ուղևորների տեղափոխման հարմարավետությունն ու անվտանգությունը և իրենց շահութաբերությունը: Գաղտնիք չէ, որ գծատերերի ինստիտուտը, որ տևական ժամանակ գործում է Հայաստանում, իր առաջ խնդիր է դրել ոչ թե արժանապատիվ տրանսպորտ ապահովել քաղաքացիների համար, այլ ստվերային ճանապարհով, քաղաքացիների անվտանգության հաշվին աշխատել հսկայական գումարներ, որի մի մասը հասնում է մինչև իշխանության ամենաբարձր օղակներ: Որպես կանոն՝ գծատեր են հենց իշխանության ներկայացուցիչները:

Ակնհայտ է նաև, որ այս թանկացումը որակի և անվտանգության հարց չի լուծում: Քաղաքացիներին առաջարկում են երթևեկել ոչ անվտանգ և ոչ հարմարավետ տրանսպորտով՝ 50% թանկ սակագնով: Եթե որևէ կերպ քաղաքացիների արժանապատիվ երթևեկությունը հեռանկար ապահովեր, միգուցե կարելի լիներ հասկանալ թանկացումը: Ի վերջո, արժանապատիվ և անվտանգ հանրային տրանսպորտ ունենալն այսօր արդեն հրամայական է: Բայց նման բան չի նկատվում:

Ի դեպ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Երևանի քաղաքապետը բառացիորեն հայտարարել էր. «Քաղաքապետարանը հայտարարել է, որ սակագին չի բարձրանալու, և մեր ժողովուրդը թող այդ մասով չմտահոգվի, չանհանգստանա, սակագինը ոնց մնացել ա, էդ ձև կմնա»:

Մեկնաբանել