Սաակաշվիլին Իվանիշվիլիի խոստումներն անիրատեսական է համարում

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խոստումները անիրատեսական են: Նրա կարծիքով՝ մասնավոր ներդրումային հիմնադրամները չեն կարող փոխել տնտեսության վիճակը: Նա Իվանիշվիլիին կոչ է արել իր կապիտալը ներդնել տնտեսության մեջ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
«Ուզում եմ ասել մարդկանց, որ վարչապետի՝ հիմնադրամների հետ կապված խոստումները անիրատեսական են, և ձեզ խաբում են: Այդ հիմնադրամները չեն փոխի տնտեսության վիճակը, ընդհակառակը՝ կվնասեն այն: Թող վերականգնեն ենթակառուցվածքային նախագածերը, օրինակ Թբիլիսին շրջանցող ճանապարհի շինարարություւնը, որի վրա արդեն 200 մլն է ծախսվել:Թող վերականգնեն նավահանգստի շինարարությունը և դադարեցնեն այն նախագծերը, որոնք վնասում են տնտեսությունը», -ասել է Սաակաշվիլին:
Նրա կարծիքով՝ պետք է վերանայվի նաև ռևանշիստական քաղաքականությունը, քանի որ այդ պայմաննեում Վրաստանում որևէ մեկը ներդրումներ չի անի: «Ռևանշիստականն այն քաղաքականություն է, որ մեր բոլոր նախագածերը իրենց ամենաթեժ պահին դադարեցվել են, նոր նախագծեր չեն իրականացվում ու կան նաև հետապնդումներ», -ասել է նախագահը:

Մեկնաբանել