Իրանն ու Զիմբաբվեն ուրանի մատակարարման վերաբերյալ գաղտնի արձանագրություն են ստորագրել. Times

Իրանի ու Զիմբաբվեի կառավարությունները գաղտնի արձանագրություն են ստորագրել` ԻԻՀ-ին ուրանային հումք մատակարարելու մտադրության հետ կապված: Ինչպես հաղորդում է բրիտանական Times պարբերականը, այս մասին հայտարարել է Զիմբաբվեի հանքարդյունաբերության փոխնախարար Գիֆթ Չիմանիկիրեն:

Պարբերականի տվյալներով՝ Թեհրանը Զիմբաբվեից ստացված ուրանը պատրաստվում է օգտագործել միջուկային զենքի արտադրության նպատակով՝ շրջանցելով Իրանի վրա դրված պատժամիջոցները:

Ինչպես նշվում է, դեռևս 2012թ. ստորագրված արձանագրությունը ներկայում կարող է միջազգային լուրջ սկանդալի առիթ հանդիսանալ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնակից երկրներից մեկն ավելի վաղ հետախուզական տվյալների վրա հենված զեկույց էր պատրաստել, որի համաձայն, 2010թ. այդ ժամանակվա Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին գաղտնի հանդիպում է ունեցել Զիմբաբվեի հանքարդյունաբերության ոլորտի ղեկավարների հետ: Նրա նպատակը եղել է «ուրանի գնման վերաբերյալ բանակցությունների վերսկսումը»:

Միջազգային գնահատականների համաձայն՝ Իրանը չի կարող իրականացնել միջուկային ծրագիրը սեփական ռեսուրսների հաշվին և ստիպված է փնտրել հումքը դրսում:

Մեկնաբանել