Մոսկվայում անակնկալ որոշման պատճառը ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրներն են. ՀՅԴ

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտարարությանը:

ՀՅԴ հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայաստանի մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։ Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից և զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը և ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչ այդ անհրաժեշտ տեղեկություն չէին փոխանցել հասարակությանն ու քաղաքական ուժերին։ Ավելին՝ որոշ հայտարարություններով նույնիսկ անհնար էին համարել Հայաստանի անդամակցությունը ընդհանուր սահման չունեցող Մաքսային միությանը, տարիներ շարունակ վարել էին բանակցություններ Եվրամիության ազատ առևտրի գոտուն միանալու ուղղությամբ և հասել ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին։

Կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել։ Սա ևս պատասխանատվություն է և այս փուլում՝ ազգային-պետական հիմքերին առնչվող։

Նախագահի անակնկալ որոշումը հանրության մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Մեր պարագայում, ցանկացած տնտեսական ինտեգրում պետք է հստակ երաշխիքներ տա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգության պահպանման ու ամրապնդման և տնտեսական համարկման և զարգացման համար։ Մաքսային միությանը մաս կազմելու խնդիրը ևս պետք է պայմանավորել այս հիմնական սկզբունքներով։

Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը չպետք է խոչընդոտ լինի Հայաստանի՝ Եվրոպական ուղղությամբ աշխատանքների շարունակման և ծավալման, հատկապես՝ Եվրամիության հետ մեր երկրի հասարակական-քաղաքական ինտեգրման գործընթացներին։ Առավել՝ Մոսկվայում կայացված այդ որոշումը չի կարող օրակարգից հանել երկրի ներսում համակարգային բարեփոխումներ իրականացնելու, համատեղ ուժերով ազգային, ժողովրդավար, արդար պետություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք երկրի համար նման ճակատագրական որոշումներ կայացնելիս տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին։ Այժմ, երբ նախատեսվում է սկսել Մաքսային միությանը մաս կազմելու գործընթաց, անհրաժեշտ է հարգել այս գործելաոճը»։

Մեկնաբանել