Սերժ Սարգսյանն ընդունել է Ջեյմս Ապաթուրային

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

Նախագահը և Ջեյմս Ապաթուրան համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է Դաշինքի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձևավորված խոր և ընդգրկուն օրակարգի մասին, ինչը, նրանց համոզմամբ, էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:

Մեկնաբանել