Միայն մարդու հավատը կարող է փոխել եկեղեցին. Վարդան Ջալոյան

Միակ ուժը, որ կարող է փոխել եկեղեցին, մարդկանց հավատն է. հավատացյալներն էլ պետք է փոխեն եկեղեցին. հոկտեմբերի 25-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտնեց մշակութաբան Վարդան Ջալոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ եկեղեցուն, որպեսզի այն մնա իր դերում, հասարակության ակնկալիքների շրջանակում:

«Մենք պետք է հասկանանք, որ հայ եկեղեցին տարբերվում է մյուս եկեղեցիներից: Դիմադրությունը գալիս է նրանից, որ չեն խոսում քրիստոնեությունից, հավատից, Ավետարանից, այլ խոսում են ազգությունից, քաղաքականությունից. իրենց խոսակցությունները շատ քաղաքականացված են»,- ասաց Ջալոյանը` հավելելով, որ ներկայում բարձրաստիճան հոգևորականները շատ են ներգրավված «օլիգարխական առևտրավաշխառուական գործունեության մեջ»:

Անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, թե Առաքելական եկեղեցին հայի ինքնության 80 տոկոսն է, ինչպես նաև Տեր Ասողիկի հայտարարությանը, թե առաքելականությունը հայի մաշկի գույնն է, Վարդան Ջալոյանը նշեց, որ ազգի ժամանակակից ըմբռնումը 80 տոկոսով որոշվում է լեզվով, այսինքն` հայ անվանում են նրանց, ում լեզուն հայերեն է: Եվ այս առումով, ըստ նրա, նման հայտարարությունները շատ տարօրինակ են հնչում: Նա նշեց, որ միջնադարում է եկեղեցին կարևոր նշանակություն ունեցել, քանի որ պետությունից հետո գերիշխել է կրոնը, այնուհետ` նոր լեզուն:

«Բացի այդ` ժամանակակից ազգերը ձևավորվել են ոչ թե եկեղեցու շնորհիվ, այլ եկեղեցու դեմ պայքարելու միջոցով: Ժամանակակից հայ ազգը ձևավորվեց ոչ թե եկեղեցու շնորհիվ, այլ ի հեճուկս եկեղեցու»,- ասաց Ջալոյանը:

Խոսելով ժամանակակից եկեղեցու փոխհարաբերությունների մասին հասարակության և պետության հետ` մշակութաբանն ընդգծեց, որ հայ առաքելական եկեղեցին իսկապես շատ յուրահատուկ պատմություն ունի` նշելով, որ միջնադարում գոյություն է ունեցել Վեքիլների (հավատարմատարի) ինստիտուտ:

«Այսինքն` կաթողիկոսը, որպեսզի ունենար կենտրոնական ուժեղ իշխանություն, առևտրավաշխառուական դասից որևէ մեկին ընտրում էր, որը հսկում էր եկեղեցու հասույթները և ծախսերը: Եվ այդ միջոցով առևտրավաշխառուական դասը եկեղեցին օգտագործում էր նաև որպես բանկային համակարգ»,- ասաց Ջալոյանը` նշելով, որ առևտրավաշխառուական կապիտալի և եկեղեցու նոր սերտաճումը, որ ներկայում առկա է, եղել է նաև նախկինում և այժմ կրկնվում է: Մշակութաբանի խոսքով` միջնադարի առևտրավաշխառուական ժամանակները կարծես թե վերադառնում են, և խոջաներն ու ամիրաները կոչվում են օլիգարխներ: Նրա կարծիքով` այժմ էլ բարձրաստիճան հոգևորականներն ունեն իրենց օլիգարխները:

Մեկնաբանել