Հանգիստ թողեք էշերին ու ոչխարներին

Նրանք, ովքեր Մաշտոցի պողոտա ավանակ ու ոչխար են բերում ընդդեմ Սամվել Ալեքսանյանի դեմ բողոքողների, հանգիստ կարող էին իրենցով փոխարինել այդ կենդանիներին: Բայց ոչ այն պատճառով, որ բերողները մարդ չեն, այլ որ ոչ մի պայքար այդ կենդանիների կճղակը չարժե: Եթե չեք կարող ավանակի նման զռռալ, հանգիստ թողեք էդ կենդանուն: Եթե չեք կարող ավանակին կաշառել 5 հազար դրամով, հանգիստ թողեք էդ կենդանուն, եթե գիտեք, թե ինչ եք անում, առավելևս հանգիստ թողեք էդ կենդանուն: Որովհետև ավանակը շահեր չունի, այ անկճղակներ, իսկ դուք ունեք:

«Փակ շուկայի» ավերման դեմ բողոքողները նույնպես ունեն իրենց շահերը: Նրանք մանկություն են ունեցել, ճարտարապետական ճաշակ ունեն, եթե իհարկե «Փակ շուկան» ճարտարապետական կառույց է: Ավանակը որ միայն «Փակ շուկան» չի վիճարկում, ինքը որևէ բանի հույս չունի: Ինքը սադրանքներ չի փնտրում, չի հրահրում, ինքը թերթերի առաջին էջերում տեղ գտնելու խնդիր չունի, ինքը նախկինում բանտեր չի նստել և ներման խնդրագրեր չի գրել, ինքը որևէ օլիգարխի չգիտի: Ավանակը չի ծիծաղում և չի դժգոհում:

Ոչխարի մասին էլ չասեմ, նրանից հնազանդ մորթվող արարած մոլորակում չկա: Դուք այդպիսի ակտիվիստ գիտե՞ք Սամվել Ալեքսանյանի թիմի և նրա հակառակորդների մեջ: Դուք նույնիսկ չգիտեք, որ ավանակը համբերության, աղքատության և հաշտվողականության խորհրդանշան է, եթե ուզում եք խոհրդանշաններով խոսենք: Դուք Բուրիդանի էշի պատմությունն անգամ չգիտեք, որը չի կարողանում կողմնորոշվել, թե իր առջև դրված խոտերից որ մեկն ուտի: Դուք իր ընտրությունը չկատարած ակտիվիստի կամ Սամվել Ալեքսանյանի կողմնակցի գիտե՞ք: Չգիտեք: Որովհետև ավանակը փորձության թեմա չէ, տղաներ, ավանակը քաղաքային իրողություն չէ:

Ձեզանից ավելի խորհրդանշական այլ արարած չկա այս մոլորակի երեսին: Դուք ընտրության հնարավորություն ունեք, վաղը կարող եք փախչել Սամվել Ալեքսանյանի թիմից, եթե խոտը պակասի: Իսկ էշը չի կարող, եթե հանկարծ նրան չվռնեդեցին: Այնպես որ հանգիստ թողեք էշերին ու ոչխարներին: Նրանք առակների թեմա են դարձել: Հետևաբար այդքան էլ էժան արարածներ չեն հենց այնպես գալ ու Երևանի փողոցներից մեկում ցցվելու համար: Ավանակն ի դեպ խորհրդանշում է նաև հիմարությունը: Բայց ահա մի բան, որը զուտ մարդկային է, որովհետև հիմարության հակառակը խելոքը չէ, այլ խոնարհությունը: Հիմարի վրա նստած Երուսաղեմ չեն մտնի, որովհետև նա, ով էշի վրա նստած է մտնում Երուսաղեմ, ուզում է ասել, որ պատրանքներ չունի: Էն մարդը էշի վրա նստած եկավ, որպեսզի ոչ մի տանջանք բարձրագոչ չլինի: Իսկ դուք բարձրախոսներով էշեր եք առաջնորդում:

Հարց է ծագում՝ եթե էշը իսկապես հիմարությունն է մարմնավորում, ձեզնից ո՞վ է էշը, նա, ով այսօր մտավ Երևա՞ն, թե՞ նա, ով ձեզ վրա (և ոչ միայն ձեզ, այլև՝ մշակույթի նախարարության, քաղաքապետարանի և ոստիկանության բոլոր պատասխանատուների վրա) նստած իրացրեց «Փակ շուկան»: Ավանակը մեկնակետ է մարդ լինելու, ոչ թե չստացված մարդն է, այ երկարականջներ: Գոնե իմացեք, թե ինչ եք անում: Ձեզանով Սամվել Ալեքսանյանը ձևակերպել է իր «մուտքը» Երևան: Եվ ոչ մի ավանակ դրանում մեղավոր չէ: Դուք ձեր վրե՞ժն եք հանում էդ խեղճ կենդանուց: Ի դեպ, մոռացա ասել, ավանակը վրեժի զգացում չունի, եթե նույնիսկ աչքի առաջ հինգ մասի բաժանեք նրա ձագուկին: