Ասոցացման համաձայնագրի ձախողումը և Եվրամիության պարտությունը

Ասոցացման պայմանագրի շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Արևելյան գործընկերության շրջանակում Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը մեծ հաշվով տապալված է:

2008թ. Լեհաստանի ու Շվեդիայի արտգործնախարարները Բրյուսելում ներկայացրին Արևելյան գործընկերության նախաձեռնությունը: Այն ենթադրում էր, որ առաջընթացի դեպքում Ասոցացման համաձայնագիր կստորագրվի գործընկեր երկրների հետ: Նոյեմբերի 28-29-ին` Վիլնյուսում սպասվող գագաթաժողովի ընթացքում, նախատեսվում էր Ասոցացման համաձայնագրեր ստորագրել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

Սետեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, ինչը կասեցրեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը հետաձգում է: Այս պահին դեռ ամբողջությամբ հարցականի տակ չի դրվել միայն Մոլդովայի ու Վրաստանի կողմից համաձայնագրի ստորագրման գործընթացը:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Եվրամիությունը կարողացել է ավելի հեշտ ու արագ ընդլայնվել՝ իր կազմի մեջ ներգրավելով Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների, իսկ այսօր չի կարողանում նույնիսկ Ասոցացման համաձայնագիր ստորագրել որոշ երկրների հետ:

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հաջողության մեջ կարևոր դեր է խաղացել երկու գործոն: Առաջինը կապված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: Խորհրդային Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ի ներսում քննարկում սկսվեց, թե կառույցը ինչ դեր պետք է ունենա նոր աշխարհում: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմը որոշում կայացրեց ոչ թե հետ քաշվել Եվրոպայից, այլ ընդլայնել կառույցը և նոր երկրներ ներգրավել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ներսում միշտ էլ կարևոր դեր է խաղացել:

Չնայած Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքական համաձայնություն կար Արևելյան Եվրոպայի երկրները չներգրավելու ՆԱՏՕ-ի կազմի մեջ, սակայն Միացյալ Նահանգներին հաջողվեց մեկուսացնել Ռուսաստանին, և ՆԱՏՕ-ն բանակցություններ սկսեց Արևելյան Եվրոպայի երկրների հետ՝ կազմակերպության անդամ դառնալու հարցի շուրջ: 1999թ. մարտի 12-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Կոսովոյի շուրջ ստեղծված հակամարտության պայմաններում Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը դարձան ՆԱՏՕ-ի անդամ: 2004թ. մարտի 29-ին ՆԱՏՕ-ին միացավ յոթ նոր անդամ` Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան: 2004թ. մայիսի 1-ին Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Սլովակիան, Սլովենիան դարձան ԵՄ անդամ, իսկ Բուլղարիան ու Ռումինիան ԵՄ անդամ դարձան 2007թ.: ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ է տվել լուծել այդ երկրների անվտանգության խնդիրները և հեշտացրել է տնտեսական ինտեգրման գործընթացը:

Հաջորդ գործոնը կապված է Ռուսաստանի տնտեսական և ռազմական կարողությունների հետ: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ռեսուրսներ չուներ, որպեսզի Արևելյան Եվրոպայի երկրներում պահեր իր ազդեցությունը: Այդ շրջանում Ռուսաստանը տնտեսական անկում էր ապրում: Բացի դրանից, ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը զրկվել էր նաև Արևելյան Եվրոպայի երկրների վրա իր ազդեցությունը պահելու միջոցներից: Ելցինն իր հերթին արտաքին քաղաքականության հարցերում շատ պասիվ էր և դիմադրություն ցույց չէր տալիս ՆԱՏՕ-ի և ԵՄ ընդլայնման գործընթացին: Վլադիմիր Պուտինը 2000թ. իշխանության գալուց հետո նույնպես սկզբնական շրջանում չէր ընդդիմանում այդ գործընթացին:

Հետագայում իրավիճակն ամբողջովին փոխվեց. ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը դադարեցվեց: Չնայած Վրաստանի և Ուկրաինայի հետ քննարկվում էր հնարավոր անդամության հարցը` 2008թ. օգոստոսին՝ ռուս-վրացական պատերազմից հետո, այս հարցն օրակարգից դուրս եկավ: Ռուսաստանի դերը ևս փոխվեց: Տնտեսական զարգացման շնորհիվ Ռուսաստանն սկսեց ավելի մեծ ուժով ընդդիմանալ ԵՄ ընդլայնման գործընթացին:

Արևելյան գործընկերության շրջանակում Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացն սկսվեց ամբողջովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում: Նախ՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում չկար, այսինքն՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ միասին անվտանգության խնդիրները չլուծվեցին: Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական զարգացումը և նախկին խորհրդային երկրներում Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը վերջինիս հնարավորություն են տվել խոչընդոտելու Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Եվրամիության կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաձեռնումը` առանց անվտանգության երաշխիքների կամ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացի և Ռուսաստանի ազդեցության գործոնը հաշվի առնելու, կարելի է արկածախնդրություն համարել:

Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության և Ռուսաստանի միջև պայքարի մի ճակատ էր: Այդ պայքարում ԵՄ-ն առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցության փորձել է Ռուսաստանի ազդեցության ոլորտից երկրներ պոկել: Սակայն փորձը ցույց տվեց, որ ասոցացումը` առանց անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Ռուսաստանի այսպիսի ազդեցության պայմաններում, չէր կարող հաջողություն ունենալ: Փաստացի, ԵՄ ընդլայնման գործընթացն այս պահին տապալված է: Իսկ հաջողության համար անհրաժեշտ էր, որ ընդլայնմանը զուգընթաց լուծվեր մասնակից երկրների անվտանգության խնդիրը, ինչպես նաև Ռուսաստանի ազդեցությունը թույլ լիներ: Այս կարևոր երկու խնդիրների լուծման բացակայությունն էլ տապալման հիմնական պատճառը եղավ:

Մեկնաբանել