Ձախողված Վիլնյուս

Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Արևելյան գործընկերության քաղաքականությունը մեծ հաշվով տապալվել է: Դեռ 2008թ. Եվրոպական Միության սկսած այդ գործընթացը նպատակ ուներ առաջընթացի դեպքում Ասոցացման համաձայնագրեր ստորագրել գործընկեր երկրների հետ: Արևելյան գործընկերության հիմնական թիրախը Ուկրաինան էր: ԵՄ ներկայացուցիչները նույնիսկ քննարկում էին Ռուսաստանին ևս այդ գործընթացի մեջ ներգրավելու հարցը, սակայն ժամանակի ընթացքում Ռուսաստանը ոչ միայն չմիացավ դրան, այլև սկսեց ընդդիմանալ: Վիլնյուսի գագաժողովից առաջ Ռուսաստանի գործողությունների արդյունքում Հայաստանը և Ուկրաինան հրաժարվեցին Ասոցացման համաձայնագրի բանակցությունները առաջ տանել:

Ուկրաինայի և Հայաստանի հրաժարումից հետո թվում էր, թե ԵՄ-ն Վիլնյուսում ավելի կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի չխորացնի ձախողումը: Սակայն տեղի ունեցավ հակառակը՝ ձախողումը ավելի խորացավ:

Նախ՝ Վիլնյուսում ԵՄ ներկայացուցիչները խեղկատակության վերածեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող գործընթացը: ԵՄ ներկայացուցիչները, չկարողանալով Ուկրաինայի իշխանությունների հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Վիլնյուսում Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, գրիչն էլ որպես սիմվոլ ուղարկեցին Կիև՝ Եվրամայդան: Սրանով Ասոցացման պայմանագրի շուրջ գործընթացը իշխանական մակարդակից իջեցրին մեկ այլ մակարդակ և անլրջություն հաղորդեցին գործընթացին:

Վիլնյուսում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագիրը առաջին հերթին ժողովրդավարության մասին է, հետո էլ ավելացրեց. «Մենք չենք կարող ստորագրել համաձայնագիր այնպիսի երկրների հետ, որոնց կառավարությունները ժողովրդավար չեն հանրության հետ»: Իրականում Ասոցացման պայմանագրի բանակցություններին մասնակցող որևիցե երկիր ժողովրդավարական չէ: Միևնույն ժամանակ Ասոցացման պայմանագրի մասնակից պետություններում ոչ ժողովրդավարական գործընթացներ են եղել, որոնք ստացել են Ֆրանսիայի աջակցությունը: Օրինակ՝ կեղծված ընտրություններ են անցկացվել այդ երկրներում, որոնց արդյունքները Ֆրանսիան ճանաչել է միջազգային նորմերին համապատասխան և շնորհավորել:

Իսկ Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույն ասաց, որ Ադրբեջանի կողմից Եվրոպական Միության հետ վիզաների դյուրացման համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանին ավելի կմոտեցնի ԵՄ-ին: Ըստ Վան Ռոմպույի՝ կարևորը ոչ թե իշխանության ոչ ժողովրդավարական քայլերն են, այլ վիզաների դյուրացումը: Այսինքն՝ Ադրբեջանը կարող է քաղբանտարկյալներ ունենալ, կեղծել ընտրական գործընթացը, բայց միևնույն ժամանակ վիզաների դյուրացման համաձայնագիր ստորագրելով ԵՄ-ի հետ, ավելի մոտենալ Եվրոպային:

Վերը նշված սկզբունքով էլ Եվրոպական Միությունը վերջին չորս տարիներին աշխատել է Արևելյան գործընկերության երկրների հետ: Ամեն գնով փորձել են Ասոցացման պայմանագիրը առաջ տանել՝ աչք փակելով երկրներում ընթացող ոչ ժողովրդավարական գործընթացների վրա, ինչի ադրյունքում էլ այդ քաղաքականությունը տապալվեց:

Վիլնյուսում Եվրոպական Միությունը որևիցե ձև չի փորձել սխալներից դասեր քաղել: Դա կտանի նրան, որ Արևելյան գործընկերության երկրների ու Եվրոպական Միության միջև տարաձայնությունները կխորանան ու ավելի դժվար կդարձնեն փոխադարձ շահերի վրա հիմնված հետագա համագործակցությունը:

Մեկնաբանել