Ինչու Հայաստանում ներդրումները նվազում են

Հայաստանում վերջին 5 տարվա ընթացքում ներդրումների ծավալը զգալիորեն փոքրացել է: Եթե 2000-ականներին այն մեծ տեմպերով աճում էր՝ 2008թ. կազմելով ՀՆԱ-ի մոտ 41%-ը, ապա 2013թ. նվազել է մինչև 21%: Այդ ցուցանիշը շատ ցածր է և վտանգավոր Հայաստանի տնտեսության համար:

Երկար ժամանակ իշխանությունները պնդում էին, որ ներդրումների ծավալը Հայաստանում կրճատվում է համաշխարհային ճգնաժամի պատճառով, մինչդեռ ճգնաժամի ավարտից հետո էլ այն շարունակում է նվազել: Հարց է առաջանում` ինչո՞ւ էին ներդրումներն աճում ՀՆԱ-ի հետ միասին 2000-ականներին և նույն տեմպերով նվազում այսօր:

Բանն այն է, որ 2008-ից սկսած՝ ներկայիս իշխանությունը կիրառում է կառավարման մի մոդել, որի միջոցով փորձ է արվում ղեկավարել բոլոր ֆինանսական միջոցները, այնպես անել, որ վերահսկողությունից դուրս ֆինանսական ռեսուրսներ չլինեն: Դա էր պատճառը, որ կառավարությունը որոշեց ոչ թե պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնել, այլ սոցիալական մի փաթեթ ստեղծել, որով կարողանա կառավարելի դարձնել ֆինանսական միջոցները: Աշխատավարձի բարձրացման դեպքում քաղաքացիները կարող էին օգտագործել գումարները ցանկացած ձևով, սակայն իշխանությունը որոշեց ուղղորդել դրանք այնպիսի ոլորտներ, որոնք ղեկավարվում են իր կողմից:

Նման փորձ է նաև կենսաթոշակային «բարեփոխումների» համակարգը: 5%-ով բարձրացնելով հարկերը՝ իշխանությունը փորձում է վերահսկելի դարձնել քաղաքացիների միջոցները: Փաստացիորեն, վերցնելով այդ միջոցները՝ իշխանությունը սահմանափակում է քաղաքացիների՝ դրանք ազատ օգտագործելու իրավունքը: Օրինակ, քաղաքացիները կարող են այդ գումարներով հեղափոխության կոչերի թռուցիկներ պատրաստել, ինչն ինքնին վտանգավոր է իշխանության համար: Իշխանությունը փորձում է վերահսկել ֆինանսական միջոցները, քանի որ վտանգ է տեսնում անկառավարելի ռեսուրսներից:

Այսպիսով, իշխանության համար կարևոր է, որ իր կամքից դուրս քայլեր չիրականացվեն: Ֆինանսական միջոցների բացարձակ վերահսկողության փորձերը հանգեցրել են նրան, որ իշխանությունը խոչընդոտներ է ստեղծում նաև ներդրումների համար: Ցանկացած ներդրում ազատ ֆինանսական միջոց է, որն իշխանությունը որպես վտանգ է դիտում իր համար: Այդ իսկ պատճառով էլ ներդրումների համար հատուկ անբարենպաստ պայմաններ են ստեղծում: Արդյունքում՝ այսօր ներդրումներն արագ տեմպերով նվազում են: Այսինքն՝ Հայաստանում ներդրումների նվազելու հիմնական պատճառն ուղղակիորեն ֆինանսական միջոցների կառավարման ընտրված մոդելն է: Այդ մոդելը խոչընդոտում է ներդրումները և սահմանափակում տնտեսական զարգացումը, որն էլ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար:

Ըստ այդ մոդելի՝ ամբողջական վերահսկողություն է ապահովվում ֆինանսական ռեսուրսների նկատմամբ, քանի որ իշխանությունն այն ռիսկային է համարում: Ըստ էության, այժմյան մոդելը շատ առումներով հիշեցնում է ԽՍՀՄ ժամանակաշրջանի ռեսուրսների կառավարման մոդելը, և այն վտանգի տակ է դրել Հայաստանի գոյությունը:

Մեկնաբանել