Մաքսային միությունից հրաժարվելու տարբերակներ

Մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության գործընթացին, ասել էր. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ, թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որևէ քաղաքական ուժ, իր հաշվարկները կատարելիս, այսուհետև պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների»։

Առաջին նախագահի այս ձևակերպումը քաղաքական-հասարակական շրջանակներում բուռն բանավեճերի և քննադատությունների տեղիք է տվել: Ոմանք համոզված են, որ Տեր-Պետրոսյանը սխալ է գնահատում իրավիճակը, և Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության գործընթացը հետ շրջել հնարավոր է:

Տեսականորեն Մաքսային միությանը անդամակցելուց խուսափելու տարբերակներ, իհարկե, կան։ Դրանք մի քանիսն են.

Առաջին, Սերժ Սարգսյանը հասարակական ճնշման ներքո որոշում է կայացնում դադարեցնել Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը: Հանրային ճնշումը այս պարագայում պետք է դրսևորվի մայդանի տեսքով: Ազատության հրապարակում Մաքսային միության անդամակցության դեմ և հանուն եվրաինտեգրացիայի բազմահազարանոց շուրջօրյա հանրահավաքները միանշանակ կարող են իրավիճակ փոխել։ Սակայն խնդիրն իրատեսորեն դիրատարկելու պարագայում պետք է արձանագրենք, որ հակառուսական տրամադրություններով հանրային դժգոհության ալիք Ազատության հրապարակում գեներացնելը, եթե չասենք անհնար է, ապա շատ դժվար է: Հակառակ դեպքում սեպտեմբերի 3-ից հետո, երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, արևմտամետ և հակառուսական տրամադրություններ ունեցող քաղաքական և քաղաքացիական ուժերը պետք է որ Հայաստանում մայդան կայացնեին: Սակայն, ինչպես տեսնում ենք, մինչև հիմա «հայկական մայդանը» չի կայացել։

«Հայկական մայդանի» չկայացումը կարելի է բացատրել նաև Արևմուտքի կողմից Հայաստանի հանդեպ ուշադրության պակասով: Արևմուտքը, բնականաբար, Ուկրաինային ու Հայաստանին նույն նժարի վրա չի կարող դնել: Առանց հանրային աջակցության և Արևմուտքի օժանդակության Երևանի կենտրոնում հակառուսական մայդան կայացնելը ուտոպիա է:

Երկրորդ ճանապարհը, որը տեսականորեն հնարավորություն է տալիս հետ կանգնել Մաքսային միությունից, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է: Իշխանափոխության առաջին տարբերակով Սարգսյանը խոստովանում է, որ տապալել է երկրի կառավարումը, այն կանգնեցրել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ, ուստի որոշում է ինքնակամ հրաժարական ներկայացնել։ Այս դեպքում նոր իշխանությունները հնարավորություն կունենան եթե ոչ չեղյալ համարել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հայտը, ապա գոնե անորոշ ժամանակով այն կասեցնել։ Սակայն Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը նույնպես անիրատեսական է։

Իշխանափոխության մյուս տարբերակը ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի միջոցով հրաժարականի պարտադրանքն է՝ առաջին փուլում կառավարության, երկրոդ փուլում՝ նախագահի: Այս դեպքում ևս հնարավորություն է առաջանում առնվազն վիճարկել և հետաձգել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը։

Սակայն կասեցման կամ անդամակցության դադարեցման բոլոր սցենարների մեջ պետք է հաշվի առնել Ռուսաստանի հնարավոր հակազդցեցությունը քաղաքական և տնտեսական ուղղություններով։ Ուկրաինայի պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի ներկայիս գերլարված հարաբերությունների պայմաններում Հայաստանի կողմից ռուսական հեգեմոնիայի տակ գործող Մաքսային միության անդամակցության կասեցումը պաշտոնական Կրեմլի կողմից անկասկած դիտարկվելու է որպես Հայաստանի կողմից թշնամական քայլ, որը հղի է հնարավոր կոշտ հակազդեցությամբ: Բնականաբար, Հայաստանը ներկա պահին չի տիրապետում քաղաքական և տնտեսական համապատասխան ռեսուրսների, որը թույլ կտա դիմագրավել ռուսական հնարավոր ճնշմանը:

Աշխարհաքաղաքական իրողություններն ու Հայաստանի վիճակը հաշվի առնելով՝ որքան էլ շատերի համար դժվար լինի ընդունել, պետք է արձանագրել, որ Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը՝ տեսանելի ապագայում անհնարին», առավել քան մոտ է իրականությանը:

Մեկնաբանել