Հանգիստ թողեք Ջավախքը

Վրացական «Գրուզիա օնլայն» լրատվական կայքում մարտի 26-ին ուշագրավ և խիստ վտանգավոր հրապարակում է տեղ գտել։ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդի Կոնստանտին Գամսախուրդիան կայքին ասել է, թե «Թբիլիսիում` Ռուսաստանի նախկին դեսպանատան դիմաց, որն այժմ գործում է որպես հյուպատոսություն, Ջավախքում բնակվող էթնիկ հայերի հերթ է գոյացել։ Նրանց շնորհվում են Ռուսաստանի Դաշնության անձնագրեր»։ Նա նաև նշել է, թե Վրաստանի տարածքում ապրող էթնիկ հայերի մեծամասնությունն արդեն իսկ ռուսական անձնագրեր է ստացել։ Ըստ նրա՝ Վրաստանի հատուկ ծառայությունները տևական ժամանակ ուսումնասիրում են այդ հարցը։

Գամսախուրդիայի ասածի հավաստիությունը կասկածների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով նրա և նրա հոր ազգայնական անցյալը։ Սակայն ինքնին նման տեղեկատվության հայտնվելը վրացական մամուլում կարող է հակահայկական տրամադրություններ առաջացնել և բացասական ազդեցություն թողնել հայ-վրացական հարաբերությունների վրա:

Չի կարելի բացառել, որ վրացական որոշակի շրջանակներ փորձում են հակահայկական տրադրություններ հրահրել քաղաքական նպատակներով: Մյուս տարբերակը, որը կրկին հավանական է և որին Վրաստանում հակված են հավատալու, այն է, որ Ռուսաստանը փորձում է մասնատել Վրաստանը հայերի միջոցով։ Սակայն երկու պարագայում էլ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է սադրանքների ենթարկվի։

Նախքան 2008թ. ռուս-վրացական պատերազմը Ռուսաստանը քաղաքացիություն էր շնորհում Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակչությանը: Իսկ հետագայում Ռուսաստանը ռազմական միջամտության հիմնավորում էր բերում այդ տարածքներում սեփական քաղաքացիներին պաշտպանելը և նրանց անվտանգությունն ապահովելը։ Արդյունքում 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Աբխազիան և Հարավային Օսիան վերջնական (կամ առնվազն շատ երկար ժամանակով) անջատվեցին Վրաստանից և ճանաչվեցին Ռուսաստանի կողմից:

Ռուսական այս մարտավարության տխուր փորձը հաշվի առնելով՝ վրացիները բնականաբար անհանգստանում են, որ նույնը կարող է կրկնվել Ջավախքում: Առավել ևս` Հայաստանում, Ջավախքում և Ռուսաստանում կան այնպիսի շրջանակներ, որոնք բացահայտ կամ տողատակով ակնարկում են, որ Ջավախքին առնվազն ինքնավարություն է պետք շնորհել, իսկ առավելագույնը` միացնել Հայաստանին։ Այս իրավիճակում վրացիների մոտ հակազդելու բնական ռեակցիա է առաջանում:

Կոնստանտին Գամսախուրդիայի հայտարարությունից օրեր առաջ՝ մարտի 14-ին, «Գրուզինֆորմ» կայքը տեղեկացրել էր, որ Մոսկվայում տեղի է ունեցել «Ռուսաստանի վրացիների միության» և «Ռուսաստանում ջավախքյան սփյուռքի» ղեկավարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում, ըստ աղբյուրի, քննարկվել են ռուս-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր:

Տեղեկատվությունը վրացիներին կրկին անհանգստանալու տեղիք է տվել: Մի կողմից` Վրաստանում համոզված են, որ այս երկու կազմակերպությունները գործում են Կրեմլի ազդեցության ներքո, հետևաբար նրանց գործունեությունն ընդհանուր եզր չի կարող ունենալ Վրաստանի շահերի հետ: Մյուս կողմից՝ «Ռուսաստանում ջավախքյան սփյուռք» անունը վրացիների մոտ հակասական տրամադրություն է առաջացնում: Հարց է առաջանում, թե ինչ է նշանակում Ռուսաստանի ջավախքյան սփյուռք: Սփյուռքը տարածաշրջանով նույնականացնելը Վրաստանում գնահատվում է որպես Ռուսաստանի կողմից հրահրվող անջատողականության դրսևորում:

Իրեն հարգող ոչ մի պետություն չի կարող հանդուրժել, որ երկրի ներսում անջատողական տրամադրություններ հասունանան:

Ջավախքի հետ կապված խնդիրը մահակ է, որը երկու ծայր ունի. գեներացվում են անջատողական տրամադրություններ՝ հայտարարությունների տեսքով, այն էլ` հիմնականում Ռուսաստանից: Բնականաբար, սա առաջացնում է Վրաստանի հակազդեցությունը, որը կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում հայերի անջատողական տրամադրությունները զսպելու հիմնավորումներով: Որոշակի իրավունքներ սահմանափակվում են, դրսևորվում է խտրական վերաբերմունք հայերի նկատմամբ և այլն: Արդյունքում հայկական կողմը սկսում է հայտարարել, որ հայերը Ջավախքում ճնշվում են: Ստեղծվում է վտանգավոր փակ շղթա, պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի սահմանի անմիջական հարևանությամբ:

Ջավախքի հետ կապված խնդրի սրացումն անմիջականորեն կանդրադառնա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների վրա: Զուտ պրագամտիկ պետական շահի տեսակետից` Հայաստանի համար Ջավախքում անջատողական գործընթացները խիստ վտանգավոր են: Վրացիների և ջավախահայության միջև հակամարտության «տաքացման» դեպքում Հայաստանը չի կարող անմասն մնալ և կարող է ներքաշվել հակամարտության մեջ՝ կանգնելով դժվարին ընտրության առաջ: Չորս հարևաններից երկուսի հետ փակ սահման ունեցող Հայաստանն իրեն չի կարող շռայլություն թույլ տալ փակման վտանգի սպառնալիքի տակ դնել Վրաստանի սահմանը, որի միջոցով կատարվում է մեր երկրի ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը: Հայաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Ջավախքում այլ պետությունների և ներվրաստանյան քաղաքական շրջանակների կողմից խրախուսվող սադրիչ անջատողական տրամադրությունները զսպելու համար, սակայն, մյուս կողմից, պետք է հետևողական լինել, որպեսզի հարգվեն և պաշտպանվեն վրացահայության իրավունքները և կանխվեն նրանց նկատմամբ խտրական դրսևորումները:

Վրաստանի կազմում գտնվող հայաբնակ Ջավախքում հայերը պետք է շարունակեն արժանապատիվ ապրել և ինտեգրվեն Վրաստանի սոցիալ-քաղաքական կյանքին, լիարժեք ներգրավվեն պետական կառավարման համակարգում: Էմոցիոնալ և իռացիոնալ անջատողական տրամադրությունները մարգինալացնում են ջավախահայությանը, նրանց դուրս են մղում ներվրացական գործընթացներից:

Մեկնաբանել