«Կլարա Բարտոն» գրքի շնորհանդեսը` Ջոն Հեֆերնի ու Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մարտի 28-ին մասնակցել է «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին:

Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն ու դեսպանն ընթերցել են գիրքը 40 երևանցի աշակերտներին: Այս ընթերցումը եզրափակում է ԱՄՆ դեսպանատան կողմից անցկացվող Կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որոնց նպատակն էր նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:

Կլարա Բարտոնն իմաստուն առաջնորդ էր և հերոս, որը կերտել է ամերիկյան պատմությունը և իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացել միջազգային ճանաչման: Բացի ուսուցիչ և ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին բուժքույր աշխատելուց` Բարտոնը 1881-ին հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը: 19-րդ դարի վերջին այս կնոջ ջանքերի շնորհիվ փրկվել է ավելի քան 50 հազ. հայի կյանք:

Գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: ԱՄՆ դեսպանատունը գիրքն անվճար կտրամադրի գրադարաններին և դպրոցներին:

Մեկնաբանել