Մաքսայինը ռիսկ է Հայաստանի համար

Մաքսային միությանը անդամակցելու և ԵՄ հետ Ասոցացման և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից հրաժարվելու որոշումները ռիսկային են Հայաստանի տնտեսական կայուն աճի համար։ (Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում, որտեղ հայտարարվեց Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման մասին, սեպտեմբերի 3, 2013թ.)

Առաջիկա տասներկու տարիներին Հայաստանի տնտեսական կայուն աճի (տարեկան 5,5-6,5%) և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման հիմնական ռիսկերի թվում կառավարություն նշում է անդամակցությունը Մաքսային միությանը։

Կառավարության կողմից մարտի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ.-ի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում» կանխատեսված ցուցանիշների ապահովման արտաքին ռիսկերի շարքում նշվում են նաև Մաքսային միությանը անդամակցելու և ԵՄ հետ Ասոցացման և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից հրաժարվելու որոշումները։

Ռազմավարությունում նշվում է. նման քայլը կարող է հանգեցնել նրան, որ եվրոպական ներդրողների համար նվազի Հայաստանի գրավչությունը, վերանայվեն Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում երրորդ երկրների հետ հարաբերությունները։ Չի բացառվում նաև, որ բարդություններ առաջանան ԵՄ շուկա արտահանման հարցում։ Վերջին մասով խոցելի է հատկապես հանքարդյունաբերական արտադրանքը, որը չնայած ՀՆԱ-ում փոքր ծավալներ ունի, սակայն գերակշիռ է արտահանման պորտֆելում։

«ՄՄ-ի անդամակցության և ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների վերանայման ռիսկի դրսևորումը կարող է առաջացնել կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում տեղական արտադրողների համար բացասական սպասումներ և ռազմավարական պլանավորման վերանայում: Ընդ որում, արտաքին ֆինանսավորման կրճատման (ԵՄ կողմից բյուջետային աջակցության և ներդրումների մասով) արդյունքում հնարավոր է առաջանան նաև ներքին ռիսկեր՝ տնտեսությունում արդեն իսկ մեկնարկած կամ նախատեսված մի շարք բարեփոխումների իրականացման առումով»,- նշվում է փաստաթղթում։

Հայաստանի տնտեսության աճը վտանգող ռիսկերից է նաև համաշխարհային տնտեսության դանդաղումը։ Չնայած համաշխարհային տնտեսական ակտիվությունը 2013թ. երկրորդ կեսից բարձրացել է, շարունակում են գերակշռել նվազման ռիսկերը, որոնք կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, նշվում է ռազմավարությունում։ «Ուղղակի ճանապարհով ազդեցությունները կդրսևորվեն Մաքսային միության անդամ երկրների (հիմնականում՝ Ռուսաստանի) և Եվրամիության (հիմնականում՝ եվրոգոտու) հետ առկա երկկողմանի առևտրային կապերի պայմաններում արտահանման տեմպերի և այդ երկրներից կատարվող ներդրումների ծավալների կրճատմամբ»,- ասվում է փաստաթղթում: Եվրամիության կշիռը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ 2013թ. կազմել է 27,8%, Ռուսաստանինը՝ 24,3%։ «Եվրոգոտում կառուցվածքային խնդիրների համատեղ լուծումների երկարաձգումը և Ռուսաստանում նկատվող ստագնացիոն միտումների խորացումը կազդեն նաև Հայաստանի տնտեսական ակտիվության վրա»,- նշում են ռազմավարության հեղինակները։

Անուղղակի ազդեցությունները կարող են պայմանավորված լինել նրանով, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը եվրոգոտում և Մաքսային միության երկրներում կազդի ընդհանուր համաշխարհային պահանջարկի վրա: «Դա կազդի միջազգային շուկայում հիմնականում ոչ պարենային ապրանքների պահանջարկի, հետևաբար, դրանց միջազգային գների վրա՝ նվազման ուղղությամբ: Այս զարգացումները կհանգեցնեն Հայաստանի առևտրի պայմանների վատթարացմանը և արտահանման դոլարային ծավալների անկմանը՝ նվազեցնելով տնտեսական աճի տեմպերը»,- նշվում է փաստաթղթում։ Արդյունքում կարող է նվազել ներդրումների գրավչությունը և որոշակիորեն դանդաղել օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստան։

Մեկնաբանել