Ռուսաստանում Ղրիմի հարցերով նախարարություն են ստեղծում

Ռուսաստանում ստեղծվում է Ղրիմի հարցերով նախարարություն։ Այս մասին, ինչպես հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի կայքը, մարտի 31-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սիմֆերոպոլում Ռուսաստանի կառավարության արտագնա նիստին։

«Ղրիմի հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի զարգացումը մեզ համար դարձել է պետական առաջնահերթություն։ Չեմ թաքցնի՝ այդպիսի խնդրի լուծումը կպահանջի տարբեր գերատեսչությունների ջանքերի զգալի կենտրոնացում և միջոլորտային խնդիրների լուծում։ Այս կապակցությամբ ճիշտ եմ համարում գործադիր իշխանության հատուկ դաշնային մարմնի ստեղծումը՝ Ղրիմի և Սևաստոպոլի խնդիրների լուծման համար»,- ասել է Մեդվեդևը։

Նա պարզաբանել է, որ դա կլինի Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով նախարարությանը համանման մարմին։

Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ նոր նախարարությունը կգլխավորի Օլեգ Սավելևը, որը 2008-ից Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար էր։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Մեդվեդևը Սիմֆերոպոլում նաև հայտարարել է, որ Ղրիմում որևէ մեկը որևէ բան չի կորցնի թերակղզու՝ Ռուսաստանին միանալուց, և որ կբարձրացվեն աշխատավարձերն ու կենսաթոշակները։

Բացի այդ՝ սեպտեմբերից Ղրիմում դպրոցականները կուսուցանվեն ռուսաստանյան չափորոշիչներով, իսկ 2015-ից սկսած՝ Ղրիմի դպրոցների շրջանավարտները ուսումնական բարձրագույն հաստատություններ ընդունվելու համար պարտավոր կլինեն միասնական պետական քննություն հանձնել։

Մարտի 31-ին՝ ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների առաջին զորակոչը տեղի կունենա 2015թ․։

Մեդվեդևը Ղրիմ է ժամանել մարտի 31-ի առավոտյան։ Սա Ռուսաստանի բարձր ղեկավարության ներկայացուցչի առաջին այցն է Ղրիմ թերակղզու՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո։

Անցյալ շաբաթ թերակղզի էին այցելել Ռուսաստանի կառավարության որոշ անդամներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը և աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպիլինը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ առաջիկայում Վլադիմիր Պուտինը Ղրիմ այցելելու ծրագրեր չունի։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը։

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Այս քայլն առաջացրեց արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց հռչակագիր «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի» մասին, որում ասված է, որ Կիևը միշտ Ղրիմը կհամարի Ուկրաինայի մաս։

Մեկնաբանել