Որը կլինի Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը

Տիգրան Սարգսյանը հեռացավ։ Ապրիլի 3-ին կայացված որոշումը Սերժ Սարգսյանի հերթական գիշերային և իրավիճակային որոշումն էր, որին նախապես տեղյակ են եղել խիստ սահմանափակ թվով մարդիկ: Վարչապետի հրաժարականին նախորդած ժամերի և օրերի ընթացքում նույնիսկ կառավարության անդամների և վարչապետի պահվածքը չէր հուշում, որ Տիգրան Սարգսյանը հեռանում է։

Որոշման անկանխատեսելիության մասին է խոսում նաև այն, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը որևէ կերպ չի պատճառաբանվում ու հիմնավորվում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարամազանովը նշում է, որ հրաժարական ներկայացնելը եղել է Տիգրան Սարգսյանի անձնական որոշումը, իսկ Տիգրան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարում է. «Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը։ Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված»:

Նախ, վեց տարի քաղաքական մեծամասնության աջակցությունը վայելած գործչի համար բավական տարօրինակ է անձնական որոշումով, հենց այնպես վերցնել ու հրաժարական տալը: Տիգրան Սարգսյանը չի բացում փակագծերը՝ ինչ է նշանակում հասունացած ու խորը գիտակցված որոշում: Ի պաշտոնե հանրապետության երրորդ դեմքը համարվող պաշտոնյան պարտավոր է բացատրել իր հրաժարականի պատճառները։ Սակայն Տիգրան Սարգսյանը փակագծերը չի բացում: Եթե, ինչպես պնդում է նա, դեռ փետրվարին է հրաժարականի դիմում ներկայացրել Սերժ Սարգսյանին, ապա բավարար ժամանակ ունեցել է նախապատրաստելու իր հրաժարականի քաղաքական և տնտեսական հիմնավորումները:

Առավել հավանական է, որ նա պարզապես չի հասցրել շարադրել հրաժարականի հասունացման հիմնավորումները, ինչը ցույց է տալիս, որ Տիգրան Սարգսյանին հեռացնելու որոշումը կայացվել է հապշտապ: Հանրապետականներն անընդհատ կրկնում են, որ այն պայմանավորված չէր չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի լրջությամբ և այն ապրիլի 28-ից շուրջօրյա հանրահավաքներով զուգորդելու պատրաստակամությամբ:

Հավանաբար մինչև վերջին պահը Սերժ Սարգսյանը վստահ է եղել, որ կկարողանա պարալիզացնել «հրաշալի քառյակի» համագործակցությունը, սակայն այդ ուղղությամբ անհաջողություն գրանցելուց հետո որոշել է հապշտապ «զոհել» իր իշխանության առանցքային ֆիգուր Տիգրան Սարգսյանին:

Կառավարության ղեկավարի հրաժարականից հետո ստեղծվում է քաղաքական նոր իրավիճակ: Ոչ իշխանական ուժերի համար հրամայական է դառնում նոր օրակարգի ձևավորումը և հետագա պայքարի վեկտորների հստակեցումը: Հենց դրանից է կախված, թե Սերժ Սարգսյանը նոր կառավարության ձևավորման հարցում ինչ որոշում կկայացնի՝ կձևավորի հերթական խամաճիկային կառավարությո՞ւնը, թե՞ կգնա իշխանության կիսման ճանապարհով։

Մեկնաբանել