Օստերայխ` արևելյան հպարտություն

«Թող ների մեզ Վիեննան, որ ոչ մեր մեղքով գտնվում ենք այստեղ». երկրորդ համաշխարհայինի ժամանակ որպես սովետական զինվոր Վիեննա մտնելով` այսպիսի գրությամբ իր լուսանկարն էր ուղարկել պապիս իր պատմաբան ընկերը: Այդ լուսանկարն ու գրությունը մեր ընտանեկան ալբոմում պահպանված են: Նրբանկատ, մտավորական մարդ է եղել հավանաբար զինվորը, ու երկրորդ համաշխարհայինի մահվան մեջ գալարվող ճանապարհները երբ իրեն՝ սովետական զինվորին, հասցրել են Վիեննա, ինքը «ուռա» չի ասել կամ ասել է, բայց ասելուց հետո գրել է. «Թող ների մեզ Վիեննան, որ ոչ մեր մեղքով գտնվում ենք այստեղ…»:

Վիեննայից ներողություն խնդրելու պատճառ ես չունեի, որովհետև եկել էի` հիանալու իր հիանալիքներով:

Վիեննան կայսերական հանգստությամբ իր մեջ հավաքել ու պահում է մաշկի գույներ, աչքերի տարբեր բացվածքներ, կրոններ, թեքումներ ու օպերայի շենքի կամ Շտեֆանսդոմի հարևանությամբ կանգնած հոգնած գնչուներ: Իսկ գնչուն լինու՞մ է հոգնած. չէ, որովհետև գնչուն միշտ հոգնած է ու խոսում է բարձրաձայն…

Օպերայի անկյունագծով թաքնված մի քիչ խորհրդային սրճարան հիշեցնող «Աիդա» սրճարանում հարավսլավացի մատուցողուհիները շտրուդելներ ու կարդինալշնիտներ են մատուցում հաճախորդներին ու վիրավորվում «հարավսլավացի» ձևակերպումից` լավ կամ ինչ-որ կերպ դասավորված իրենց կյանքում աշխատելով հրաշալի Վիեննայի և իրենց սեփական գոյության համար: Վիեննան հզոր է ու միաժամանակ գեղեցիկ, ինչպես 90-60-90 համադրությամբ գեղեցկուհի, որից երբեմն ձանձրանում են բնակիչները ու գնում ավելի հեռու երկրներ, ավելի անհասկանալի համադրություններով ու պակաս խաղաղ ու պակաս շքեղ, քան Վիեննան: Իսկ Վիեննան իր կայսերական հանդարտության մեջ դարի ու իր չափերի համար անհասկանալի խաղաղությամբ դիմավորում ու ճանապարհում է մարդկանց՝ «Շվեխաթ» օդանավակայանում, «Զյուդբանհոֆ» ու «Վեստբանհոֆ» կայարաններում, որոնց գնացքներին գերմաներենից թարգմանած կարդում ենք «արևելյան երկրի պետական երկաթուղի»՝ «Օստերայխ»՝ այսպես է հնչում Ավստրիան գերմաներեն՝ արևելյան երկիր:

Աշխարհի ամենահարուստ եվրոպական երկներից մեկը դեռ 1955–ից ընդմիշտ հայտարարել է իր չեզոքությունն ու չի մտնում որևէ ռազմական բլոկի մեջ. ինքնավստահ, ուժեղ, հզոր, հարուստ, հպարտ, մշակութապես ազդեցիկ, աշխարհին տված հանճարներով, վալսերով, Հայդնով, Մոցարտով, Շուբերտով, Շտրաուսով, գոթական շքեղությամբ. ամեն, ամեն ինչ, ինչ հնարավոր է ունենալ՝ Ավստրիան ունի: Նաև բազմազան եկվորներ, որոնց տեղավորում է հանրապետություն դարձած կայսրությունը… Վիեննան չուներ միայն մի բան՝ դժգոհություն դիմացինի հանդեպ: Ավստրուհիները՝ հատկապես միջին և միջինից բարձր տարիքի, իրենց գինն իմացող, արժանապատիվ, ժպտերես, սլացիկ, հարդարաված, ձիգ՝ ժպտում են ոչ ամերիկյան ժպիտով, նրանց ժպիտը ներսից է, հանգիստ են, խաղաղ, գոհ, պատրաստակամ: Իրոք, հետևողականորեն փնտրել եմ դժգոհություն դիմացինի ու աշխարհի հանդեպ: Չեմ գտել: Վիեննայի կենտրոնի դեղատներից մեկում աղջիկս պատահաբար շրջում է դեղերով ծանրաբեռնված դարակը: Ես շփոթված եմ, որովհետև ավստրիական ֆլակոններն ու հաբերով տուփերը շատ շքեղ ցրվում են դեղատան ճերմակ հատակով մեկ, իսկ դարակը շատ դանդալոշ փռվում է դրամարկղի վրա: Որպես դժգոհության երկրից եկած օտարական` ես սպասում եմ ահեղ դատաստանի, և իմ sorry-ն ազդեցիկ լինել չէր կարող կատարվածի համեմատ: Դեղավաճառ ավստրուհին մի բառ չարտասանեց: Եթե ժպտար` կեղծ կլիներ: Նա սկսեց հավաքել, դասավորել ու շատ բարեհամբույր ասաց. «Լսում եմ ձեզ»: Սա գոթական ճարտարապետության կոթողներից, վիեննական վալսերից անհամեմատ ազդեցիկ էր: Չկար ու չկար դժգոհությունը դիմացինի հանդեպ: Կայսրությունը, երկիրը, պետությունը գոհունակ է դարձրել մարդկանց:

Մետրոյի վագոնում նստած է կոկիկ, միջին տարիքի ավստրուհի, հիանալի, զուսպ, երկար անձրևանոցը հենած վագոնի հատակին ու այնպիսի ջերմ ժպիտով է ժպտում դիմացի նստարանին տեղավորված ակնհայտ փախստական հայր ու որդուն, որոնց արտաքինն ու հագուստը հուշում էր որևէ անհաջողակ երկրի չքավորություն, և անգամ հիգիենայի բացակայություն, բայց քանի որ տղան ծիծաղելի աղմկում էր ու չէր նստում համառորեն՝ ավստրուհին այնպիսի բարությամբ էր ժպտում նրան, որ ես զգացի իմ` որպես հավիտենական դժգոհության երկրից եկած մարդու ներսում արդեն լավ հասունացող դժգոհությունը «չսթրվող լակոտի» հանդեպ: Երկար մտածեցի. անկե՞ղծ էր ժպտում ավստրուհին՝ չգիտեմ, բայց ինձ թվաց՝ այո:

Դունայը…, որին հայերեն ասում ենք Դանուբ: Ավստրիացիներն աում են Դոնաու: Տասը պետության սահման հատող Դանուբն անսահման խաղաղ է, չես էլ պատկերացնի, որ ամռանը դուրս էր եկել ափերից ու սպառնում էր ջրի տակ առնել այդ գոթական հրաշքը: Դանուբը` երկար, հանդարտ: Մենք նրան տեսանք Ավստրիայում, Սլովակիայում, նա հոսում է Բուդապեշտում, հասնում Ուկրաինա…

Սովետական դասագրքերում Դանուբը կատաղի մարտերի ու այն ժամանակ մեզ համար հայրենական պատերազմի հերոսական մի դրվագ էր, որից հատվածներ ուղեղում սոսնձված ոտանավորի նման դեռ պահպանվել են: Օրինակ՝ «Ռումինիան Իոն Անտոնեսկուի գլխավորությամբ և գերմանական զորքերի հետ համատեղ 1941-ի հունիսի 22-ին հարձակվեց Սովետական միության վրա: Առավոտից հրետակոծվում էին Դանուբի ափի քաղաքներն ու Դանուբի նավատորմը»,- ասում էր սովետական դասագիրքը: Իսկ հետագայում արդեն Դանուբը հնչեց որպես խորհրդային բիրտ ուժի «Դունայ» օպերացիա, որն իրագործվեց աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկում՝ Պրահայում, 1968-ին: Բայց անկախ բոլոր պատմաքաղաքական հուշերից` Դանուբն իհարկե գետ էր՝ ամենաերկար գետերից մեկը, որի վրայով հաճախ է անցել մեզնից յուրաքանչյուրը. դպրոցական ցուցափայտով՝ քարտեզն ի վար:

«Գրյուս գոթ»` ասում են ավստրիացիներն օրվա առաջին կեսին որպես ողջույն, ինչը բառացի նշանակում է «ողջունիր Աստծուն»: Ամեն առավոտ` մինչև օրվա կես, հնչում է «գրյուս գոթը»` «մորգենին» հավասար: Զարմանալի լավ ողջույն, թեև մեր «բարևն» էլ երևի թարգմանաբար կզարմացներ ու դուր կգար գերմանախոսին, եթե իմանար, որ ամեն անգամ մենք ասում ենք «բարի-ով եմ մտնում»: Հրաշք են լեզուները:

Երևան-Վիեննա ինքնաթիռից այնպես ստացվեց, որ ընդամենը մի քանի հոգի դուրս եկավ Վիեննայում, մնացածը թեքվեցին տրանզիտի ուղղությամբ՝ դեպի Ամերիկա: Ամերիկա, Ամերիկա՝ բարեկեցության մշտական որոնում: Մարդ ուզում էր ասել. «Ո՞նց կարելի է հասնել Վիեննա ու չմտնել քաղաք»:

Իմ լուսամուտից երևում էր դիմացի բնակելի շենքի պատշգամբը: Հիսունից վաթսուն տարեկան (ավստրուհիների տարիքը դժար է որոշել) ավստրուհին ամեն առավոտ կախում էր լոգանքի սրբիչը, նայում իր պատշգամբից երևացող քաղաքին ու գնում ներս: Շատ սովորական իրադարձություն հիշարժան լինելու համար, բայց ամեն առավոտ ես մտածում էի` այս կինը ունի՞ արդյոք ընկալում, որ ինքն արթնանում է ավստրիական կայսրության մայրաքաղաքում, որտեղ իշխում են պատմությունն ու օրենքը, մշակույթն ու շքեղությունը, որովհետև նա ամեն առավոտ արթնանում ու կախում էր լոգանքի սրբիչն այնպես սովորական, ինչպես դա կարող է անել ցանկացած փոքրիկ ավանի բնակչուհի աշխարհի ամենահետ ընկած տեղում…

Վիեննայում երաժշտությունը ոչ միայն շենքերի ներսում է, այլև դրսում: 1895-ին հայր և որդի Շտրաուսները ղեկավարում էին օպերետների համերգները Վիեննայի զբոսավայր «Պրատեր»-ում, որտեղ նույն թվականին կառուցված դիտանիվը պատերազմների ժամանակ կանգնեցվում էր, իսկ 1944-ին ռմբակոծվելուց հետո «Պրատեր» զբոսավայրի դիտանիվը վերանորոգվել ու նորից պտտվել է Վիեննայի վրա իր հայտնի կարմիր վագոններով: Անգամ կարուսելներում պահպանված է հինը, լսվում է պատմությունը…

Վիեննան այն քաղաքներից է, որը չունի կենտրոն, քանի որ հիմնականում կենտրոն է, նրա կենտրոնը իմ քաղաքի չափ է, հնարավոր է՝ ավելի մեծ, ու երբ ոտքի տակ ես տալիս կայսրության մայթերն ու հրապարակներն ու այնպես, ինչպես եվրոն ես վերածում դրամի՝ Վիեննայում քայլած տարածություններդ վեր ես ածում Երևանի տարածությունների, ստացվում է` օրը մի քանի անգամ գնում ես Երևանի իններորդ մասիվ կամ տասնվեցերորդ թաղամաս ու հետ գալիս. համարյա խելագարություն, իսկ Վիեննայում տարվում ես այնպես, որ միայն կոշիկիդ անհանդուրժողականությունն է հուշում, որ քայլել ես անքայլելին:

Մխիթարյան միաբանություն՝ Վիեննայում մեր հպարտությունը: Վիեննայի կենտրոնում` «Նոյշթիֆիգաս» 4 հասցեում մեր հայկական Մխիթարյանների ներկայությամբ կայսերական ու հանրապետական Ավստրիայում մենք ունենք մեր հպարտությունը՝ հայկական խոշոր մշակութային կենտրոններից մեկը, որտեղ պահվում է 2800 ձեռագիր և ավելի քան 170 000 հին և ժամանակակից տպագիր հրատարակություն: «Մեչիթարիսթենկիրխե»՝ ինչպես հնչում է գերմաներեն: Այսպիսի հաճելի հպարտություն:

Երկու բառով դժվար է հասկանալ ու հասկացնել, թե ինչպես է պատահում, որ 1811-ից Վիեննայում մշակութային կենտրոն ստեղծող ժողովրդի մի հատված այսօր օդանավակայաններում պատռում է սեփական անձնագիրն ու հանձնվում փախստականների ճամբար, ինչ էլ լինի` ես չեմ կարող հասկանալ այս որակով ու կարգավիճակով ինչ-որ երկիր՝ թեկուզ ամենահարուստ ու առավելևս՝ ամենահպարտ երկիր մտնելը: Հպարտության մեջ է թաքնված բարեկեցության գաղտնիքը:

Վերադարձե´ք: Որովհետև ամենաշքեղ երկրներից հետո էլ ամենաճիշտ բանը ինքնաթիռի տոմսի մեջ նշված «գեյթ»-ի` ուղու տառն ու թիվն է, որը տանում է դեպի տուն: Իսկապես հպարտության մեջ է բարեկեցության գաղտնիքը:

Մեկնաբանել