«Ժառանգությունն» առաջարկում է չորս կուսակցությունների ղեկավարների հանդիպում

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում բարձրաձայնում է Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի` «Բարգավաճ Հայաստանի, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի, Հայ հեղափոխական դաշնակցության ներխորհրդարանական համագործակցության ձևաչափը միջկուսակցականի վերափոխելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում կարևորում են չորս ուժերի ղեկավարների հանդիպումը:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունը մշտապես եղել է քաղաքական և քաղաքացիական ուժերի համախմբման ջատագովը՝ հստակ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր փոխել մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակը:

Եվ այդ նպատակով էլ մենք դարձանք խորհրդարանական չորս ուժերի համագործակցության նախաձեռնողներից մեկը: Ու թեև մշտապես հայտարարել ենք և այժմ էլ գտնում ենք, որ երկրում անհրաժեշտ է համակարգային և ամբողջական իշխանափոխություն, սակայն տվյալ քաղաքական իրավիճակում չորս քաղաքական ուժերիս կողմից միասնական համաձայնեցված քաղաքական օրակարգ դարձավ, որպես փուլային և մարտավարական քայլ, կառավարության հրաժարականի պահանջը:

Վարչապետի՝ իշխանությունների կողմից ակնհայտորեն մինչ այդ չպլանավորված հրաժարականը, արդյունք էր հենց այս միասնության և քաղաքացիական կառույցների համատեղ արդյունավետ գործողությունների, որն իր մեջ պարունակում է երկրում վերջապես վիճակ փոխելու իրական ներուժ: Եվ այժմ օրախնդիր է դարձել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձևաչափը վերափոխելու միջկուսակցական միասնական ճակատի, որը կարող է առավել վստահություն ներշնչել չորս քաղաքական ուժերի հետագա համագործակցությանը, ինչպես նաև՝ դառնալ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլ՝ քաղաքական և քաղաքացիական ուժերի առավել լայն ընդգրկմամբ: Այդ իսկ պատճառով, գտնում ենք, որ այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրկարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Այդ հանդիպումը մենք դիտում ենք խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա համագործակցության անհրաժեշտ պայման»:

Ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մեկնաբանել