Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորություններն ավտոմատ կերպով դադարեցվել են նրա` վարչապետ նշանակվելու վերաբերյալ նախագահի հրամանագրի ստորագրման պահից. այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի բաժնից` վկայակոչելով ԱԺ կանոնակարգի 12-րդ հոդվածի «գ» կետը:

«Վարչապետի պաշտոնում նշանակման պահից սկսված` համարվում է, որ Հովիկ Աբրահամյանը վայր է դրել պատգամավորական մանդատը»,- նշեցին ԱԺ-ում:

Ըստ ԱԺ կանոնակարգի 12-րդ հոդվածի «գ» կետի` «պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում»:

Ապրիլի 13-ին ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հայաստանի 13-րդ վարչապետ կդառնա Հովիկ Աբրահամյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը ստորագրել էր ապրիլի 13-ին:

Մեկնաբանել