Խելք, այնուամենայնիվ, պետք է

Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ հանրային զրո աջակցությամբ: Բավական էր՝ վերջին երկու օրերին հետևել սոցիալական ցանցերին, և պարզ կդառնար, թե հանրային ինչ վերաբերմունք կա Հովիկ Աբրահամյանի նկատմամբ և ինչպիսին են արձագանքները նրա վարչապետ դառնալու հետ կապված: Մինչ այս պահը նրա մասին դրական արձագանք գտնելը դժվար է:

Հովիկ Աբրահամյանի միակ խնդիրը հանրային զրո աջակցությունը չէ. տնտեսությունը քայքայված վիճակում է, և իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ են լայնածավալ բարեփոխումներ: Սակայն Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանից հրապարակավ պահանջեց շարունակել Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը՝ զերծ մնալով նախորդ կառավարությանը քննադատելու գայթակղությունից: Շարունակել Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը, նշանակում է գնալ ձախողման ճանապարհով:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստին իր ելույթում ակնարկեց նաև ներթիմային խնդիրների մասին. թերևս ակնարկված խնդիրների հետևանքով է, որ Աբրահամյանը հրապարակային լայն աջակցություն չստացավ նաև կուսակիցների կողմից:

Հովիկ Աբրահամյանի՝ որպես վարչապետի հաջորդ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը սահմանափակել է նրա՝ քաղաքականություն մշակելու հնարավորությունները՝ տալով միայն կադրային հարցերում գործելու ազատություն: Քաղաքականություն մշակելու հնարավորության սահմանափակումը Աբրահամյանին ծանր վիճակում է դրել:

Նորանշանակ վարչապետի դրությունն ավելի ծանրացավ, երբ Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները նրա դեմ սև քարոզչություն սկսեցին:

Քաղաքական տրամաբանությունը ենթադրում է, որ նման իրավիճակում Աբրահամյանի առաջին ելույթները պետք է վերաբերեին երկրում ստեղծված ծանր վիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզին: Ճանապարհային քարտեզ Աբրահամյանը չներկայացրեց, փոխարենը հանրային իր երկրորդ ելույթում անդրադարձավ ՀԱԿ-ի հայտարարությանն ու անհարիր խոսքեր հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին: Այդ քայլով նա ցույց տվեց, որ պատրաստվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ խառնակչությամբ զբաղվել: Նման գործելաոճի արդյունքում նա կարող է դառնալ գործիք, այլ ոչ թե ինքնուրույն գործիչ:

Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանը տևական ժամանակ պայքարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար և երկար ժամանակ դա նրան չէր հաջողվում: Երևի հենց այդ ցանկությունն է պատճառը, որ ներքաղաքական նման ծանր վիճակում Աբրահամյանը համաձայնեց ստանձնել վարչապետի պաշտոնը:

Ժամանակին նա հայտարարել էր, որ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»: Իրականում ճիշտ հակառակը՝ շատ խելք պետք էր վարչապետի պաշտոնից քաղաքական նման իրավիճակում հրաժարվելու համար: Ավելի շատ խելք պետք է պաշտոնը վերցնելուց հետո խառնակչությամբ չզբաղվելու համար:

Այս գործելաոճը շարունակելու դեպքում Աբրահամյանը կարող է գնալ Տիգրան Սարգսյանի հետքերով:

Մեկնաբանել