Կիևը պատրաստ է ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ

Ռուսաց լեզուն կարող է պաշտոնական լինել Ուկրաինայի այն շրջաններում, որտեղ այն բնակչության մեծամասնության համար մայրենի լեզու է հանդիսանում: Ինչպես հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը, այս մասին ուկրաինական «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաիանայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

Նա ասել է, որ ռուսերենի կարգավիճակի մասին որոշումն ընդունվել է երկրի քաղաքացիների շրջանում խաղաղություն և համաձայնություն հաստատելու համար:

Տուրչինովը նաև պարզաբանել է, որ ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը թույլ կտա, մարզային, քաղաքային և շրջանային խորհուրդներին որոշումներ ընդունել ինչպես ուկրաիներենով, որը պետական լեզու է համարվում, այնպես էլ ռուսերենով կամ այլ շրջանային լեզվով:

Գերագույն Ռադայում «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլյովը, խոսելով ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին, ասել է, որ այս հարցով հանրաքվեն արդյունք չի տա և այդ իսկ պատճառով, այդ խնդիրը պետք է կարգավորել նոր օրինագծի հաստատմամբ։

«Այն շրջաններում, րոտեղ մեծամասնությունն այլ լեզվական խումբ է ներկայացնում, մենք կամրագրենք այդ լեզվի պաշտոնական կարգավիճակը»,- պարզաբանել է պատգամավորը։

Մեկնաբանել