Ռուսաստանը շահագրգռված է ոչ միայն որակյալ աշխատուժով․ Մեդվեդև

Աշխատանքային միգրանտները պետք է հարմարեցված լինեն Ռուսաստանում կյանքին և չպետք է իրենց սովորույթները պարտադրեն տեղի բնակիչներին, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 22-ին՝ Պետդումայում հանդես գալով 2013թ․ կառավարության աշխատանքների հաշվետվությամբ։

Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ նա խոստովանել է, որ միգրացիոն գործընթացները հաճախ «քաղաքացիների մոտ առաջացնում են հիմնավորված անհանգստություն և անգամ քննադատություն»։

«Սակայն մյուս կողմից՝ մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստան գան ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Մեզ պետք են նորարարներ, սակայն եկեք անկեղծ խոստովանենք՝ մեզ դռնապաններ էլ են պետք։ Մեզ մոտ դռնապան ոչ ոք չի ցանկանում աշխատել, ինչպես և շատ այլ երկրներում»,- ասել է Մեդվեդևը։

«Օտարերկրյա քաղաքացիները, որոնք գալիս են աշխատելու այդպիսի (չվորակավորված) աշխատավայրերում, մեզ պետք են, սակայն նրանք պետք է հարմարեցված լինեն Ռուսաստանում կյանքին։ Նրանք պետք է խոսեն ռուսերեն։ Նրանք պետք է համապատասխանեն մեր ավանդույթներին և իրենց սովորույթները չպարտադրեն տեղի բնակիչներին»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։

Նա կարծում է, որ այս խնդիրների լուծումը Միգրացիոն դաշնային ծառայության և պետական այլ կառույցների խնդիրն է։

Մեկնաբանել