Արտահերթ ընտրություններին հինգ հանրապետական է պետք

Հանրապետական հինգ պատգամավորների միջոցով հնարավոր է արտահերթ ընտրություններ կազմակերպել, ինչը կամրագրի քաղաքական ներկա փոփոխությունները պետական համակարգում:

Հայաստանի ներքաղաքական դաշտի վերափոխումը արագ տեմպով շարունակվում է, ինչի արդյունքում ՀՀԿ-ն դաշտում մնացել է միայնակ: Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանին և դեմ արտահայտվեց նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Օրերս ՕԵԿ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից։ Ավելի վաղ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն հայտարարել էին, որ իշխանության հետ կոալիցիա չեն կազմելու:

Արդյունքում քաղաքական դաշտը բաժանվել է պայմանական երկու մասի. մի կողմում ՀՀԿ-ն է, որը թեև մենակ է, սակայն դեռ իր ձեռքում է պահում ողջ պետական և վարչական ռեսուրսը, մյուս կողմում ոչ իշխանական ուժերն են, որոնք կարողանում են քաղաքական օրակարգ պարտադրել, սակայն չունեն գործընթացների վրա ազդելու պետական լծակներ:

Պետական լծակներ ձեռք բերելու լավագույն տարբերակը ընտրություններն են։ Քաղաքական նոր իրավիճակը արտահերթ ընտրությունների սահմանադրական հնարավորություն տալիս է:

Շուտով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ծրագիր պետք է ներկայացնի Ազգային ժողովին: Ըստ Սահմանադրության՝ եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չտա կառավարության ծրագրին, ապա նախագահը պետք է արձակի Ազգային ժողովը:

Եթե վերը նշված քաղաքական դասավորությունն անփոփոխ մնա, ՀՀԿ-ն ստիպված կլինի խորհրդարանում միայնակ հաստատել կառավարության ծրագիրը, իսկ դրա համար նրան անհրաժեշտ է 66 ձայն: Այս պահին Ազգային ժողովում Հանրապետականն ունի 70 պատգամավոր, եթե նրանցից գոնե հինգը կառավարության ծրագրին երկու անգամ կողմ չքվեարկի, ապա արտահերթ ընտրությունները կդառնան անխուսափելի:

ՀՀԿ խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք կկարողանան կողմ չքվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին. Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը հող է նախապատրաստել այդպիսի պատգամավորների գոյության համար: Վերջինս հաճախ է իր թիմակիցներին զրկել բիզնես հնարավորություններից և իր ձեռքը վերցրել որևիցե բիզնես ոլորտի վերահսկիչ փաթեթը:

Ոչ իշխանական ուժերը կարող են այդպիսի հինգ պատգամավորի համար երաշխիքներ ստեղծել, որպեսզի վերջիններս կարողանան լքել Սարգսյանի ճամբարը: Հանրապետական հինգ պատգամավորների միջոցով հնարավոր է արտահերթ ընտրություններ կազմակերպել, ինչը կամրագրի քաղաքական ներկա փոփոխությունները պետական համակարգում:

Մեկնաբանել