Ինչու Կարեն Կարապետյանը մերժեց Սերժ Սարգսյանին

Հայաստանում կառավարման ոլորտում ճգնաժամ է հասունանում կամ արդեն իսկ հասունացել է: Պետական բարձրաստիճան պաշտոններում նշանակումներ անելու հարցում գործող նախագահ Սերժ Սարգսյանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելու գործընթացը այդքան էլ սահուն չընթացավ: Ըստ էության՝ միայն երկրորդ փորձից և կրկնակի կոնսուլտացիաներից հետո Սերժ Սարգսյանը Աբրահամյանին վարչապետ նշանակեց:

ԱԺ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո երկրի երկրորդ դեմքի պաշտոնում համապատասխան կադր գտնելու հարցում գործող նախագահը կրկին կանգնած է բարդության առաջ: Իշխող Հանրապետական կուսակցության շարքերում չեն գտնում այն անձին, որը կկարողանա արդյունավետ ղեկավարել օրենսդիր մարմինը:

Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի թափուր աթոռը զբաղեցնելու առաջարկ արել է ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանին, սակայն վերջինս հրաժարվել է: Կարապետյանի գրասենյակի հայատարարությունում մասնավորապես ասվում է. «Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում»: Ներիշխանական ու ներքաղաքական կայուն իրավիճակում որևէ դեպքում նման հիմնավորումով հնարավոր չէր լինի մերժել ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնելու առաջարկը:

Փաստացի իշխող կուսակցության ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը համոզված չէ, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված երկրի երկրորդ պաշտոնյայի դիրքում հնարավոր է Հայաստանում ինչ-որ բան փոխել:

Հանրապետական կուսակցության ներկայացուցչի նման ազնիվ խոստովանությունը ենթադրել է տալիս, որ երկրի սահմանադրական կառավարման համակարգը ճգնաժամ է ապրում, կաթվածահար է: Եթե երկրի երկրորդ պաշտոնյան չի կարող իրավիճակի վրա ազդել, ապա մնացած պաշտոնյաների մասով արդեն իսկ ավելորդ է խոսել: Պատճառը ամենևին էլ Սահմանադրության անկատարությունը չէ, այլ բարձրագույն իշխանությունների կողմից սահմանադրական նորմերի պարբերական ոտնահարումները:

Կառավարման ճգնաժամը առաջացել է Սերժ Սարգսյանի կողմից կատարելագործած կառավարման մոդելի արդյունքում, երբ երկիրը ղեկավարվում է բացառապես մեկ կենտրոնից, իմա՝ նախագահական նստավայրից, իսկ իշխանության մյուս ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական, որոնք պետք է հակակշռեն և հավասարակշռեն նախագահի իշխանությանը, վասալային կարգավիճակում են և վերածվել են նախագահականից իջնող հրահանգներ սպասարկող կառույցների:

Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կենտրոնացումը նախագահի անձի ենթակայության ներքո պետական համակարգի և իշխանության ճյուղերի դեգրադացիա է, որի ականատեսն ենք այսօր: Նման իրավիճակում պաշտոնների դասակարգումը՝ երկրորդ, երորրդ կամ չորորրդ, խիստ պայմանական է: Նրանք Սերժ Սարգսյանի իշխանության ներքո պարզապես հավասար դեկորացիաներ են: Ուստի Կարեն Կարապետյանը ոչ թե հրաժարվել է ԱԺ նախագահի պաշտոնից, այլ դատելով նրա հայտարարության բովանդակությունից՝ հրաժարվել է դակիչ ֆունկցիաներով դեկորատիվ օրենսդիր մարմին ղեկավարելուց:

Մեկնաբանել