Գալուստ Սահակյանի ու Հովիկ Աբրահամյանի հաջողության բանալին

Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցության հետ համատեղ Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Սարգսյանի այս որոշումն անսպասելի չէր. ավելի վաղ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր զբաղեցնել խորհրդարանի խոսնակի պաշտոնը, ինչի հետևանքով Հանրապետական կուսակցությունն ի դեմս Սերժ Սարգսյանի ստիպված եղավ առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Ինչպես Հովիկ Աբրահամյանին վարչապետ, այնպես էլ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ նշանակելու որոշումն արժանացավ հանրության բացասական գնահատականին: Սոցիալական ցանցերում ՀՀԿ-ի այս որոշման հետ կապված չկար գոնե մեկ դրական վերաբերմունք: Գալուստ Սահակյանին ԱԺ խոսնակ առաջադրելու վերաբերյալ արձագանքը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու փաստի ճիշտ կրկնությունն էր:

Այս պահին նշանակված և վերանշանակված նախարարները նույնպես հանրային վստահություն չեն վայելում: Սարգսյանի վարած կադրային քաղաքականությունը կրկին հաստատում է, որ իշխանական բուրգում առաջընթաց ունենում են հիմնականում բացասական իմիջ ունեցող կադրերը: Փաստացի, Սերժ Սարգսյանը պետական կառավարման համակարգը և Հանրապետական կուսակցությունը ձևախեղել է այնպես, որ առաջընթացի առավելություն են ստացել Հովիկ Աբրահամյանի ու Գալուստ Սահակյանի նման մարդիկ, ինչը նաև մարտահրավերային է երիտհանրապետականների համար. որպեսզի վերջիններս կարողանան կուսակցությունում և պետական կառավարման համակարգում գրանցել առաջընթաց, ստիպված կլինեն կրկնօրինակել նրանց:

Ժամանակին Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում նշել էր. «Սա Հայաստան է, որտեղ մենք սերունդ ենք մեծացնում։ Այդ սերունդը լինելու է մեզնից ուժեղ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական առումներով»: Գալուստ Սահակյանին ու Հովիկ Աբրահամյանին պաշտոններ տալով՝ նա փակել է առաջընթացի բոլոր ուղիները:

Սերժ Սարգսյանի ստեղծած կառավարման համակարգում չի խրախուսվում գիտելիքը, ազնվությունը, պատասխանատվությունը, փոխարենը խրախուսվում է անգրագիտությունը, մականուն ունենալը, քծնանքը և նման բացասական շատ այլ բաներ: Արդյունքում հանրապետության վարչապետ է նշանակվում Հովիկ Աբրահամյանը, իսկ ԱԺ նախագահ առաջադրվում է Գալուստ Սահակյանը:

Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ընթացքում ձևավորված կառավարման մոդելը ոչ միայն երկրի տնտեսությունն է կանգնեցրել խոր ճգնաժամի առաջ, այլև թույլ է տվել, որ երկրի կառավարման համակարգում կարևորագույն պաշտոններ զբաղեցնեն մարդիկ, որոնք Հայաստանի անվտանգության համար վտանգավոր են: Գալուստ Սահակյանը Աժ նախագահի պաշտոնում հաստատվելու դեպքում դառնում է երկրի երկրորդ մարդը, որը կարող է որոշակի արտակարգ իրավիճակներում փոխարինել կամ դառնալ առաջինը: Որևէ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Հայաստանի հետ նման սցենարի դեպքում:

Սերժ Սարգսյանն իր քայլերով երկիրը հասցրել է անդունդի եզրին և այս պայմաններում նրա ցանկացած նոր որոշում ավելի իրական է դարձնում անկման հավանականությունը:

Կառավարության փոփոխության հետևանքով ստեղծված նոր վիճակը հաստատում է, որ Հայաստանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական խոր ճգնաժամի մեջ է: Այս իրավիճակում մեծ շքեղություն է թույլ տալ Սերժ Սարգսյանին շարունակել ղեկավարել երկիրը: Ուստի փլատակաների տակ չհայտնվելու համար անհրաժեշտ է ապամոնտաժել Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգը, իսկ Սարգսյանին ճանապարհել թոշակի: