Պարտադիրի դեմ բողոքում են մանկավարժները

Կրթության և գիտության ոլորտի մի շարք աշխատակիցներ` «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության աջակցությամբ, ապրիլի 29-ին` ժամը 16:00-ից բողոքի ակցիա են իրականացնում կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց` պահանջելով նախարարից ենթարկվել «ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել»:

ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակից, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Արգիշտի Մալինյանն ասաց, որ եկել է սատարելու ուսուցիչներին, որոնց աշխատավարձերից պարտադիր կուտակային պահումներ են կատարվել: Նա նշեց, որ իրենից ևս` որպես դասախոս, մարտ ամսվա համար պահում է կատարվել:

Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ` «Մի ստրկացրեք մանկավարժներին», «Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Արեք այն, ինչ պարտավոր եք անել», «Այսօր ուժով փակելով ուսուցչի բերանը` ուզում են փակել հետագա մի ողջ սերնդի բերան» և այլ գրություններով:

Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող որոշ դրույթներ։ ՍԴ-ն մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու համար:

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը», 2013թ. դեկտեմբերի 17-ին դիմել էին Սահմանադրական դատարան` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Ապրիլի 23-ի նիստում կառավարությունը հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելու մասին օրենքի նախագծին, որը ենթադրում էր պատասխանատվություն պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: