Էլեկտրոնային առևտուրը ՊԵԿ-ի աչքն է ծակել

Պետեկամուտների կոմիտեն չի ուզում անմասն մնալ էլեկտրոնային առևտրից։

Կառավարությունում որոշել են բյուջեի մուտքերն ավելացնել էլեկտրոնային առևտրի հաշվին՝ անմաքս գնումների սահմանաչափն իջեցնելով երեք անգամ։ Այսուհետ Հայաստան փոստով ու առանց մաքսազերծման հնարավոր կլինի պատվիրել ընդամենը 50 հազ. դրամի ապրանք, այն էլ կես տարին մեկ։

Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն է տվել «Մաքսային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացրած նախագծին։ Թեև փոփոխություններն առնչվում էին հասարակության լայն շերտերին, նիստի օրակարգը այնպես էր ձևավորվել, որ նախագիծն աննկատ «անցնի»։ Օրենսգրքում փոփոխությունները, իհարկե, դեռ պետք է քննարկվեն և ընդունվեն Ազգային ժողովի կողմից, սակայն հաշվի առնելով որ գործադիրը մինչ այս էլ խնդիրներ չի ունեցել ԱԺ մեծամասնության հետ, այս փոփոխությունները ևս կհաստատվեն։

Այսպես, ՊԵԿ-ն առաջարկում է, որ ֆիզիկական անձանց ուղեկցող բեռի վրա մաքսատուրք չտարածվի, եթե դրա ձեռքբերման արժեքը չի գերազանցում 100 հազ. դրամը, իսկ քաշը՝ 50 կգ-ն։ 100 հազ-ը գերազանցելու դեպքում գործելու է 2,5% մաքսատուրք։ Ներկայում ֆիզիկական անձանց համար անմաքս ուղեկցող բեռի շեմ է սահմանված է 150 հազ. դրամը՝ 180 օրվա համար։

Մյուս կարևոր փոփոխությունն այն, որ ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով պատվիրված ապրանքները, որոնց արժեքը գերազանցում է 50 հազ. դրամը, մաքսազերծվելու են։ Եթե ապրանքի քաշը գերազանցում է 20 կգ-ը, իսկ արժեքը 50-100 հազ դրամի շրջանակում է, մաքսատուրքը կկազմի 2,5%։

Ներկայում ֆիզիկական անձանց թույլատրվում է փոստային և սուրհանդակային ծառայություններով 0% մաքսատուրքով ներկրել մինչև 150 հազ. դրամ ընդհանուր աժեքով ապրանքներ (180 օրվա ընթացքում)։ Պարզ ասած՝ այսօր քաղաքացին տարեկան կտրվածքով կարողանում է փոստային ծառայություններով Հայաստան ներկրել 300 հազ. դրամ ընդհանուր արժեքով ապրանքներ։

ՊԵԿ-ի առաջարկով և կառավարության համաձայնությամբ, ուղեկցող բեռի դեպքում թույլատրելի սահմանը նվազեցվում է 30%-ով, փոստային ծառայությունների դեպքում՝ 3 անգամ։ ԱԺ-ի կողմից այս նախագիծն ընդունելու դեպքում էլեկտրոնային գնումների անմաքս շեմը տարեկան կտրվածքով կկազմի ընդամենը 100 հազ. դրամ, ինչը բավական փոքր գումար է։

Առաջարկվող նախագծում ՊԵԿ-ը չի նշել, թե ինչ-ով են պայմանավորված խստացումները, սակայն հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտնում էլեկտրոնային առևտուրը, կառավարությունը, ի դեմս ՊԵԿ-ի, որոշել է անմասն չմնալ այս գործընթացից։

Փաստացի, կառավարությունում կարծում են, որ տարեկան երկու անգամ մինչև 150 հազ. դրամ աժեքով ապրանքների ներկրումից պետությունն որևէ օգուտ չունի ու անհրաժեշտ է կա՛մ հնարավորինս սահմանափակել էլեկտրոնային առևտուրը, կա՛մ սահմանել մաքսատուրքեր։ Չի բացառվում, որ խստացումներն ուղղված են որոշ բիզնես շրջանակների շահերի սպասարկմանը։

Համեմատության համար՝ Մաքսային միության երկրներում անմաքս ապրանքների գնային շեմը բավական բարձր է։ Այսպես, Ռուսաստանում և Ղազախստանում էլեկտրոնային գնումների անմաքս շեմը ամսական կտրվածքով 1000 եվրո է, Բելառուսում՝ 120 եվրո։