Իրանի ու «վեցյակի» միջև բանակցային հաջորդ փուլը՝ հունիսի 16-20-ին

Իրանի ու «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) ներկայացուցիչների միջև բանակցային հաջորդ փուլը կանցկացվի հունիսի 16-20-ին՝ Վիեննայում: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին:

Իրանի արտգործնախարարության մեկ այլ ներկայացուցիչ հայտնել է, բանակցությունների նոր փուլի մեկնարկից առաջ ծրագրվում է լրացուցիչ հանդիպումներ անցկացնել տարբեր մակարդակներով: Նա չի բացառել, որ Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունները կարող են անցկացվել հունիսի 16-ից շուտ:

Իրանն ու «վեցյակը» մտադիր են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը հասնել մինչև հուլիսի 20-ը:

Մայիսի 13-16-ը Վիեննայում անցկացված բանակցությունների չորրորդ փուլը լուրջ առաջընթաց չէր գրանցել:

2013թ. նոյեմբերին կողմերը պատմական համաձայնության եկան միջուկային խնդրի շուրջ: Այսպես՝ Իրանը համաձայնեց հրաժարվել ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգեր տեղադրելուց, թույլ տալ միջազգային տեսուչներին մուտք ունենալ իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև սառեցնել ծանր ջրի վրա ռեակտորի կառուցումը: Փոխարենը՝ Իրանը տնտեսական պատժամիջոցների մասնակի թուլացում կստանա: Անցումային պայմանավորավածություննները սկսել են գործել 2014թ. հունվարի 20-ից: ՄԱԳԱՏԷ-ն պատասխանատու է Իրանի կողմից պայմանավորվածությունների իրականացումը վերահսկելու համար:

Մեկնաբանել