Հրդեհ՝ «Մեծ Բրիտանիայի լավագույն շենքում»

Շոտլանդիայի ամենահայտնի շենքերից մեկում՝ Գլազգոյի արվեստների դպրոցում հրդեհ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հղում անելով հրշեջ ծառայությանը, շենքի գույքի 70%-ը հաջողվել է փրկել: Հրշեջները նաև թույլ չեն տվել, որ կրակը ոչնչացնի շենքի կառուցվածքը (կմախքը):

Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի նախագահ Սթիվեն Հոդդերը հրդեհն անվանել է «համաշխարհային ողբերգություն»:

Ըստ ականատեսների՝ բռնկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շինության նկուղում սարքավորման պայթյուն է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ դպրոցի ուսանողներն ու աշխատակիցները բարեհաջող տարհանվել են:

Հրդեհի վայրում կենտրոնացվել են քաղաքի բոլոր հրշեջ խմբերը, որոնց մի քանի ժամ շարունակ չի հաջողվել մարել կրակը: Հիմնական բոցը մարելու համար պահանջվել է չորս ժամ, սակայն դրանից հետո էլ շինությունում կրակի օջախներ են մնացել:

Գլազգոյի արվեստների դպրոցը կառուցվել է 1897-1909թթ.՝ տաղանդավոր շոտլանդացի ճարտարապետ ու նկարիչ Չարլզ Ռենն Մաքինթոշի կողմից: Դպրոցում սովորել են Բրիտանիայի արվեստի բազմաթիվ հայտնի ժամանակակից գործիչներ:

2010թ. դպրոցը ճանաչվել է 175 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կառուցված լավագույն շինություն:

Մեկնաբանել