Գագիկ Խաչատրյան անուն ազգանունը թաքցնել չի լինի

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հերքել է, որ կապ ունի Աֆրիկյանների տունը ապամոնտաժելու փաստի հետ: «Ոչ ֆինանսների նախարարը, ոչ էլ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հասկանո՞ւմ եք, հետաքննող կայքը՝ «Հետքը», բացահայտել է նախարարի և նրա հարազատների ամբողջ կապը, բացահայտել է այնպիսի համոզչությամբ, որ միայն տղամարդկություն է պետք հաստատելու գրվածը, իսկ նախարարը մի քանի բառով ասում է՝ առնչություն չունեմ: Հիշենք, ավելի վաղ նա առնչություն չի ունեցել «Յուքոմի» հետ, որի կապից էր օգտվում նրա ղեկավարած Պետկեամուտների կոմիտեն (ՊԵԿ), կապ չի ունեցել «Մեգամոթորսի» և «Մեգա» սկզբով այլ առևտրային կազմակերպությունների հետ, տարբեր ապրանքների ներկրումով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեզ» ընկերությունների հետ, «Անի» տաքսի ծառայության հետ և այլն:

Այս մարդը պաշտոնավարման ընթացքում այնքան կոռուպցիոն մեղադրանքներ է հերքել, որ արդեն չես հասկանում, թե ինչ գործ ունի իր պաշտոնում, եթե կապ չունի մեղադրանքներից ոչ մեկի հետ: Այնպես է հերքել, կարծես հավակնում է դառնալ կոռուպցիոն սկանդալների դեմ դիմադրողականության սահմանադրական օրինակ: Իսկ մենք հո գիտենք, թե խոսքն ում մասին է՝ Հայաստանի պատմության մեջ ֆինանսների միակ նախարարի, որը թիկնապահներ ունի, որոնք նույնիսկ խորհրդարանում են խոչընդոտում լրագրողների աշխատանքը:

Գագիկ Խաչատրյանն այնպիսի պաշտոնեական զանցանքների մեջ է թաթախված, որ դրանց դատական հետաքննությունը կապահովի բոլոր դատավորների մի քանի տարվա զբաղվածությունը: Հերքում է մի քանի բառի այնպիսի թեթևությամբ, որ ուզում ես հողին հավասարեցնել «Հետքի» խմբագրությունը, որը բացահայտել է Գագիկ Խաչատրյանի ուղղակի և անհերքելի կապը Աֆրիկյանների տան ապամոնտաժման և տարածքում հյուրանոց կառուցելու ծրագրի հետ:

Եվ, ի դեպ, ինչո՞ւ է այս մարդու անունն անընդհատ շրջանառվում նման պատմությունների մեջ. որովհետև ուրիշ մարդ չկա, որ այդքան թեթևությամբ ու հետևողականությամբ մտնի հասարակություն ցավեցնող խնդիրների մեջ, գործի դնի ամբողջ ոստիկանությունը, պետական կառույցներին (մշակույթի նախարարությանը – Մ.Ա) մասնակից դարձնի մի խաղարկային դիմադրության և վերջում հայտարարի, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի: Ամբողջ երկրում Սերժ Սարգսյանից և Հովիկ Աբրահամյանից զատ երեք հոգի ունի անպատժելիության այդքան սանձարձակ ազատություն՝ Գագիկ Խաչատրյանը, Միքայել Մինասյանը և Ալեքսանդր Սարգսյանը. առաջինը ի պաշտոնե և պաշտոնից էլ դուրս իշխանություն ունի ՀՀ ամբողջ բիզնեսի վրա, երկրորդը տնօրինում է ՀՀ գրեթե ամբողջ հեռուստադաշտն ու ինտերնետային լրատվությունը, իսկ երրորդը, ըստ տեղեկությունների՝ բաժին ունի այն ամենում, ինչին մասնակից են նախորդ երկուսը:

Գագիկ Խաչատրյանին պետք է հասկանալ՝ իր շրջապատում նա խոսում է այն մասին, որ ինչ-որ մութ («վստահաբար»՝ իշխանությունից – Մ.Ա.) ուժեր սարքում են իր գլխին՝ անընդհատ իր անունը գցելով շրջանառության մեջ: Բացառված չէ. բայց ինչո՞ւ են այդ ուժերը համառորեն հենց նրա անունը տալիս և ինչո՞ւ է անընդհատ ինքը և թվարկած մյուս չորսի անունները ձիու վրա: Գագիկ Խաչատրյանն այս հարցի պատասխանը չունի: Ավելի ճիշտ նա գիտի, թե ինչու են իր անունը տալիս, գիտի, թե ինչու է ձիու վրա, գիտի, թե որտեղից իր անպատժելիությունը, գիտի, որ Հայաստանի բյուջեն ինքն է, գիտի, որ իր հետ ոչինչ չի տանելու: Միակ բանը, որ չգիտի, այն է, որ միայնակ չի տալու ապագա պատասխանը, այլ ամբողջ հարազատությամբ և մեղասկիցներով հանդերձ, որոնք իր անուն ազգանունը գիտեն, չեն թաքցնելու:

Մեկնաբանել