ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրությունում:

Վերջին շրջանում շփման գծում հաճախակիացել են հակառակորդի կողմից հնչող կրակոցներն ու դիվերսիոն հարձակման փորձերը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովը հունիսի 26-ին հանդես էր եկել հայտարարությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ անելով գործնական քայլեր ձեռնարկել սահմանագծից դիպուկահարների հետքաշման ուղղությամբ: Միաժամանակ` հանձնաժողովը դիմում է համանախագահներին` ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` «ուղղված ԼՂՀ լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին»:

Մեկնաբանել